Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարանակալած տղամարդը կացնահարել է նախկին կնոջն ու նրա ծնողներին՝ սպանելով զոքանչին

ԻՐԱՎՈՒՆՔ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ սկսվեց Վլադիկ Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, ժամը 13-ի սահմաններում   Շենգավիթ վարչական շրջանում՝ Տարոնցի 7 հասցեի շենքի բակում Վլադիկ Մարտիրոսյանը իր մանկահասակ՝ 2015 թվականի հոկտեմբերին ծնված որդուն տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վիճաբանել է նախկին կնոջ ու նրա ծնողների հետ:

Երբ նախկին կինը՝ Թագուհին, ու նրա մայրը՝ Կարինեն, վիճաբանությունից հետո գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, իր երեխայի հետ տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով Վլադիկ Մարտիրոսյանն իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:

Նույն օրը, ժամը 16-ն անց  30-ի սահմաններում Թագուհին ու Կարինեն մտել են շքամուտք ու շարժվել են դեպի առաջին հարկում գտնվող իրենց բնակարանը: Հանկարծ հետևից նրանց վրա է հարձակվել դարանակալած Վլադիկը՝ կացինը ձեռքին:

1-ին բնակարանի դիմաց՝ աստիճանահարթակին, 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը նախ կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ:

Ապա նույն կացնով Վլադիկը բազմաթիվ հարվածներ է հասցրել դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններին կանգնած նախկին զոքանչի՝ 58-ամյա Կարինեի գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և սպանել է նրան:

Այնուհետև Վլադիկը նույն կացնով կյանքից զրկելու՝ հանկարծակի ծագած դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գոռոցների վրա տանից դուրս եկած աներոջ՝ Վաչագանի գլխին, ուսին, ձեռքերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ, բայց, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Վլադիկն ավարտին չի հասցրել նախկին աներոջը սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ աղմուկի վրա դուրս է եկել հարևանը, գործուն միջոցներ է ձեռնարկել հանցավոր գործողությունները դադարեցնելու համար՝ նա հետևից փաթաթվել է Վլադիկ Մարտիրոսյանին ու հեռացրել է տուժողներից:

Ըստ մեղադրանքի՝ այս ծանր հանցագործությունից ավելի վաղ՝ 2016 թվականի հունիսի 3-ին, առավոտյան ժամը 10-ն անց 30-ին ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ՝ Թագուհու հետ, այդ ընթացքում սպառնացել է, թե կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան 2 տարեկանը չի բոլորի: Թագուհին նախկին ամուսնու կողմից այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել:

Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, սպանության փորձի ու սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին ներգրավեց որպես ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի շահերի պաշտպան:

Վերջինս միջնորդեց իրեն տրամադրել քրեական գործի նյութերը և ժամանակ տալ՝ այդ նյութերին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Տուժող կողմի՝ Թագուհի և Վաչագան Մանսուրյանների ներկայացուցիչն է փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը մեկ անգամ արդեն այս ընտանիքի վերաբերյալ գործ քննել է, այն ժամանակ ամբաստանյալի աթոռին նստած էր ներկայումս հանգուցյալ Կարինե Մանսուրյանը, ով մեղադրվում էր նախկին փեսայի՝ իր ապագա սպանողի նկատմամբ բռնություն գործադրելու համար… Վլադիկ Մարտիրոսյանն այն ժամանակ տուժողի կարգավիճակ ուներ…

Ժամանակային առումով ավելի հետ գնանք ու կացնահարությամբ, արյունահողությամբ ու սպանությամբ ավարտված կոնֆլիկտի հասունացմանը հետևենք:

Մոտ երկու տարի այս մարդիկ գտնվում էին բավական լարված հարաբերությունների մեջ, նրանց վերաբերյալ կայացվել են մի շարք դատական ակտեր:

Առաջին երկու դատական ակտերը կայացվել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, 2016 թվականի հունվարի 27-ին:

Այս գործով ամբաստանյալները երկուսն էին՝ 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը և նրա նախկին կինը՝ 37-ամյա Թագուհին:

Գործը հարուցվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ և բռնություն:

Քննիչի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին զոքանչի բնակարանի դուռը վնասելու և 7 հազար դրամի գույքային վնաս պատճառելու համար Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Անհայտ անձի կողմից հիմա արդեն հանգուցյալ Կարինե  Մանսուրյանին պատկանող ավտոմեքենայի ապակին կոտրելու և 29 հազար դրամի գույքային վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին մեկ անգամ հարվածելու համար Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմինը Վլադիկ Մարտիրոսյանին  մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով՝ իր նախկին կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու, նրան խոշտանգելու, դիտավորությամբ ֆիզիկական ու հոգեկան ուժեղ ցավ և տառապանք պատճառելու համար:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի փետրվարի 7-ից մինչև 2015 թվականի ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը:

Մասնավորապես՝ 2015 թվականի փետրվարի 7-ին, ժամը 16-ի սահմաններում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթում գտնվող տանը զոքանչի՝ Կարինե Մանսուրյանի կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ Վլադիկը վիճաբանել է կնոջ՝ Թագուհու հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել Թագուհու մարմնի տարբեր մասերին ու վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այս նույն վիճաբանության ժամանակ Թագուհի Մանսուրյանն իր հերթին, ըստ նախաքննական մարմնի, խոհանոցային դանակով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել ամուսնուն՝ Վլադիկ Մարտիրոսյանին, նրա առողջությանը՝ նախաբազկի քերծվածքների, արյունազեղումների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած վերքի ձևով պատճառել էր առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Թագուհի Մանսուրյանին այս արարքի համար մեղադրանք էր առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայտնելով, թե հաշտվել է նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի հետ, զղջում է կատարվածի համար, հաշտությունը կամավոր է, ինքը Թագուհու դեմ բողոք չունի ու չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Մեղադրող Տ. Հակոբյանն առարկել է, նա պնդել է, որ կողմերի միջև կայացած հաշտությունը ռեալ չէ, ուստի հնարավոր չէ նշված հիմքով քրեական գործի վարույթը կարճել կամ քրեական հետապնդումը դադարեցնել: Բացի այդ, Թագուհի Մանսուրյանը, որպես տուժող, շարունակում է բողոքել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ, ինչն էլ փաստում է այն հանգամանքը, որ հաշտությունը կրում է ձևական բնույթ:

Թագուհի Մանսուրյանը, ըստ մեղադրողի, դատարանում զղջացել է կատարածի համար՝ զուտ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Դատարանը, հիմք ընդունելով կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը, դադարեցրել է Թագուհի Մանսուրյանի քրեական հետապնդումը, դատական քննության հետագա ընթացքում Թագուհին մնացել է միայն տուժողի կարգավիճակով:

Իսկ Վլադիկ Մարտիրոսյանին մեղսագրված՝ նախկին կնոջը խոշտանգելու մեղադրանքի մեջ, բացի վերոհիշյալ դրվագից,  ներառված էին ևս մի քանի դրվագներ:

Դատական ակտում արձանագրված է, որ Վլադիկ Մարտիրոսյանն  ու Թագուհի Մանսուրյանը 2014 թվականի փետրվարից վարել են համատեղ ամուսնական կյանք, որի ընթացքում ունեցել են մեկ երեխա: «Սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները եղել են նորմալ, սակայն հետագայում տարաբնույթ կենցաղային հարցերի շուրջ ծագել են վիճաբանություններ, նրանք ամուսնալուծվել են…»:

Դատարանը նշել է, որ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է՝ բրոնխիտ ունի՝ սրացման շրջանում, լիմֆոստազ՝ երկու կողմից, նևրոսթենիա՝ խառը տիպի: Դատական ակտում ամրագրված է, որ Վլադիկ Մարտիրոսյանն  այս հիվանդությունները ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում ու հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ:

Ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա հայտնել է, թե ինքը կնոջ հետ վիճել է՝ նրա մոր կողմից իրենց հարազատների շրջանում իր հասցեին չարախոսելու պատճառով: Թագուհին պնդել է, թե նման բան չի եղել:

Դատական վիճաբանությունների փուլում Վլադիկ Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել,  զղջացել է նախկին կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու համար, ասել է, թե իրենք հաշտվել են:

Դատարանը եզրակացրել է, որ Վլադիկ Մարտիրոսյանն իր նախկին կնոջ նկատմամբ խոշտանգում կատարել է՝ պարբերաբար նրա նկատմամբ բռնություն է գործադրել, նրան պատճառել է ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք:

Նկատի է առնվել, որ Վլադիկ Մարտիրոսյանն առաջին անգամ է դատվում, վատառողջ է՝ հաշմանդամության կարգ ունեցող, զղջացել է կատարածի համար:

Վլադիկ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ այն գնահատելով որպես օրինական ու հիմնավոր:

Այսպիսով, 2016 թվականի հուլիսի 8-ին կատարած ծանր հանցագործության պահին Վլադիկ Մարտիրոսյանը գտնվում էր փորձաշրջանի մեջ…

Նախկին ամուսինների հակամարտության շուրջ ծավալվող գործողությունների վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, որտեղ մեղադրյալը ներկայումս հանգուցյալ Կարինե Մանսուրյանն էր:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ և բռնություն: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 22-ն անց 15 րոպեին Կարինե Մանսուրյանը Ս. Տարոնցի փողոցի 7-րդ շենքի դիմաց երեխային տեսակցելու եկած Վլադիկ Մարտիրոսյանի հետ վիճաբանության ընթացքում գետնից քար է վերցրել ու հարվածել է նախկին փեսայի պարանոցին ու աջ բազկի շրջաններին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հենց այդ քրեական գործն էր, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

2016 թվականի մարտի 11-ի դատական նիստում տուժող Վլադիկ Մարտիրոսյանը հայտնել է, թե ինքը հաշտվել է ամբաստանյալ Կարինե Մանսուրյանի հետ ու չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, խնդրում է նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել:

Ամբաստանյալը նույնպես հայտնել է, որ իրենք հաշտվել են:

Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան՝ տուժողի բողոքի հիման վրա, իսկ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում գործերը ենթակա են կարճման, ապա դատարանը որոշել է Կարինե Մանսուրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել:

Դատարանի որոշումը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ 2016 թվականի ապրիլի 13-ին:

Փաստորեն, վերջին «հաշտեցումը» կողմերի միջև ուժի մեջ է մտել կացնահարումից…երեք ամիս առաջ՝ ապրիլի 13-ին:

Սակայն իրական հաշտեցում այդպես էլ  տեղի չի ունեցել, կողմերը շարունակել են անհաշտությունը, յուրաքանչյուրը մնացել է իր դիրքորոշմանը:

Ի վերջո, կատարվել է ամենաարյունալի հանցագործություններից մեկը՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել են միանգամից երեք հոգի, մեկը տեղում մահացել է… Եվ Մարտիրոսյանը երեք մարդու կացնահարել է փորձաշրջանում գտնվելու ժամանակամիջոցը նոր-նոր սկսված…

Այս ընտանիքի հետ կապված՝ քննվել է նաև քաղաքացիական գործ՝ հոր կողմից երեխային տեսակցելու ժամանակացույց սահմանելու վերաբերյալ…

 
 
Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ամենադիտված