Գենետիկական ուսումնասիրությունը բացահայտել է հայերի ծագումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են Հայկական լեռնաշխարհի գենետիկական քարտեզը։ Գենոմիկայի վերջին ուսումնասիրությունը մարտահրավեր է նետում այն վաղեմի համոզմունքին, որ հայերի և բալկանյան բնակչության միջև կա գենետիկ կապ, գրում է naukatv.ru-ն: Գիտնականները համեմատել են ժամանակակից հայկական գենոմներից նոր ստացված տվյալները և հրապարակել Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների մասին գենետիկական տվյալները համեմատելով Բալկանների ժամանակակից և հնագույն գենոմների հետ։
Երկար ժամանակ հայերը համարվում էին բալկաններից փռյուգիացի գաղթականների ժառանգներ։ Այդ տեսությունը հիմնականում առաջացել է հույն պատմիչ Հերոդոտոսի հաղորդումներից, ով նշել է, որ պարսկական բանակում ծառայող հայերը զինված են եղել փռյուգիական ձևով։ Լեզվաբանները նույնպես պաշտպանել են այս տեսությունը ենթադրելով, որ հայերենը կապ ունի հնդեվրոպական լեզուների թրակոֆրյուգիական ենթախմբի հետ։ Սակայն այս նոր գենետիկ ուսումնասիրությունը մարտահրավեր է նետում այդ վաղեմի համոզմունքին, քանի որ չի գտնվել էական գենետիկական կապ հայերի և Բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև:
Գիտական հոդվածը հրապարակվել է American Journal of Human Genetics ամսագրում։ Հետազոտության մասին հայտնել է Իռլանդիայի Թրինիթի քոլեջը: Նոր հետազոտությունը նաև հերքել է այն պնդումները, թե Հայկական լեռնաշխարհի հարավային հատվածը (ժամանակակից հարավ-արևելյան Թուրքիա) բնակեցրած Սասունի շրջանի հայ բնակչությունը ծագել է ասորիներից։ Բացի այդ, հաստատվել է, որ մոտ 10000 տարի առաջ Սասունի հայ բնակչությունը զգալիորեն նվազել է, և բնակչությունն անցել է այսպես կոչված «շշի բկանցքով»։
«Մենք հայտնաբերել ենք Լևանտայում (Սիրիա, Պաղեստին, Հորդանան, Իսրայել) վաղ բրոնզի դարից հետո նեոլիթյան ֆերմերների գենետիկ ազդեցությունը: Դա համահունչ է հարևան տարածաշրջանների նախորդ բացահայտումների հետ և ենթադրում է Մերձավոր Արևելքում բնակչության լայնածավալ տեղաշարժեր վաղ բրոնզի դարից հետո», - ասել է հետազոտության հեղինակներից Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Մանիկան: Գիտնականները պարզել են նաև, որ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածների հայերը գենետիկորեն շատ միատարր են։ Որոշ բացառություններ են սասունցիները, ինչը, հավանաբար, բացատրվում է «շշի բկանցքի» էֆեկտով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը