Ծանոթ ու միաժամանակ անհայտ … զիկկուրատներ
ՖՈՏՈ
Հին Միջագետքի ճարտարապետներն ու շինարարները աշխարհին նվիրել են հոյակապ և միևնույն ժամանակ առեղծվածային կառույցներ՝ զիկկուրատներ՝ հսկայական բազմաստիճան բուրգեր, որոնք ունեին կարևոր կրոնական նշանակություն։ Զիկկուրատների մշակութային արժեքն անհերքելի է. համալիր ճարտարապետությունը և շենքերի տպավորիչ բարձրությունը դարձել են այն տեխնիկական հնարավորությունների ակնհայտ ցուցադրումը, որին հաջողվել էր հասնել Միջագետքի քաղաքակրթության ներկայացուցիչներին՝ շումերներին, աքքադներին, բաբելոնացիներին, ասորիներին և էլամացիներին:
Զիկկուրատները հնագույն կառույցներ են, որոնց հիմնական մասը բաղկացած է բազմաստիճան բլոկներից՝ զուգահեռականների կամ կտրված բուրգերի տեսքով։ Զիկկուրատը բառի սովորական իմաստով տաճար չէր, հասարակ մարդիկ չէին կարող մտնել այնտեղ աղոթելու: Այն մարդկանց մոտեցնում էր աստվածներին և համարվում էր այն աստծու երկրային տունը, որը հովանավորում էր որոշակի քաղաք, ուստի ներս կարող էին մտնել միայն ծեսեր կատարողները:
Առաջին զիկկուրատները կառուցվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակում, Միջագետքի մշակույթի Ուբեյդի ժամանակաշրջանում։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ լեռնային շրջանների բնակիչները տեղափոխվել են հարթավայրեր ազդելով տեղի բնակիչների մշակույթի վրա։ Մասնավորապես, նրանք նրանց փոխանցել են իրենց համոզմունքները լեռնագագաթների որպես աստվածների կողմից սիրված սուրբ վայրերի սուրբ նշանակության մասին։ Աստվածների բարեհաճությունը շահելու համար էլ հին միջագետքցիները սկսել են աստվածների համար արհեստական լեռներ կառուցել՝ զիկկուրատներ: Հին ասորերեն և աքքադերեն լեզուներից «ziqquratum» և «zigguratum» բառերը թարգմանվում են որպես «ժայռագագաթ»:
Միջին հաշվով, կառույցի ընդհանուր մակերեսը կազմում էր 2000–2500 մ2, սակայն դրանցից մի քանիսն ունեին ավելի քան 8000 և նույնիսկ 11000 մ2 տարածք։ Տարբեր զիկկուրատների բարձրությունները տատանվում էր 15-ից 90 մետրի սահմաններում։ Անգամ աստվածաշնչյան Բաբելոնի աշտարակի նախատիպ է համարվում Էտեմենանկիի ավերված զիկկուրատը, որը ենթադրաբար կառուցվել էր մ.թ.ա. 18-րդ դարում։
Ամենավաղ զիկկուրատները բավականին պարզ էին, դրանք ունեին խիստ երկրաչափական ձևեր և բաղկացած էին ընդամենը երկու կամ երեք հարկից: Հետագայում սկսել են կառուցել մինչև յոթ մակարդակ: 6-րդ և 2-րդ հազարամյակների ընթացքում Միջագետքի տարբեր շրջաններում կառուցվել է առնվազն 25 զիկկուրատ։ Կա վարկած, որ զիկկուրատների աստիճանավոր ձևն ընդունել են մ.թ.ա 3-րդ հազարամյակում կառուցված եգիպտական բուրգերի ճարտարապետները։ Ժամանակակից ճարտարապետության մեջ զիկկուրատ ձևը վերածնվել է 1960-1970-ական թվականներին։ Միևնույն ժամանակ, այն արտացոլվել է տարբեր ժողովուրդների մշակույթներում: Ավանդական բլոկային կառուցվածք կարելի է տեսնել Ալ-Զակուրա կառավարական պալատում և Իրաքի Բաբելոն Ռոտանա հյուրանոցում, ԱՄՆ-ի Չեթ Հոլիֆիլդի դաշնային շենքում և Անգլիայի Գաղտնի հետախուզական ծառայության կենտրոնակայանում: Զիկկուրատի տեսքով կառուցված խորհրդային կառույցներից կարելի է նշել Վլադիմիր Լենինի դամբարանը Մոսկվայի Կարմիր հրապարակում։
Կ. Խաչիկյան
