Ում է պատկանում հրդեհված մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկի տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, դեռևս անհայտ հանգամանքներում «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել է պայքարել վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հարութ Փարսյանը: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Կարապետյանն ու Սմբուլ Մանուկյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հդեհի պատճառը, պարզվում է: