Քարտային համակարգի խափանումը ծանր հետևանքներ կունենա երկրի համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ մի քանի ժամ շարունակ խափանում է եղել Armenian Card (ArCa) վճարումների համակարգի աշխատանքում։ Քաղաքացիները գործարքներ չեն կարողացել անել ոչ բանկոմատներով, ոչ էլ խանութներում քարտերով վճարումներ կատարել։
Մեր տեղեկություններով, խափանումները վերաբերել են բոլոր բանկերին, ինչը վկայում է խնդրի համակարգային բնույթի մասին։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ հաքերային հարձակում է եղել, թեև Կենտրոնական բանկն ու առևտրային բանկերն այդ կապակցությամբ որևէ տեղեկություն չեն հայտնել։
Բանկային համակարգն ամենակայացածն է Հայաստանում, երկրի տնտեսական կայունության գլխավոր երաշխավորն է, և նույնիսկ մի քանի ժամ տևած խափանումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ուր մնաց, եթե լայնածավալ գրոհների դեպքում օրեր շարունակ այդ համակարգը խափանվի։ Իշխանությունները պարտավոր են ապահովել բանկային համակարգի անխափան աշխատանքը, հակառակ պարագայում հետևանքներն անդառնալի կարող են լինել։
Էլեն Հարությունյան