Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խողովակների տրամագիծը
ՖՈՏՈ
Եթե վերցնեք «2 դյույմ» կոչվող խողովակը և չափեք դրա իրական արտաքին տրամագիծը, ապա կտեսնեք, որ այն ոչ թե 2 մաթեմատիկական դյույմ է (50,8 մմ), այլ 2,375 դյույմ (60,3 մմ): Եթե չգիտեք այդ մասին, ապա իմացեք: Դա կարող է թվալ անտրամաբանական և բազմաթիվ հարցեր առաջացնել: Իրականում դրա համար միանգամայն հասկանալի պատճառներ կան։ Ի տարբերություն գծային չափումների, որտեղ 1 դյույմը միշտ հավասար է 25,4 մմ–ի, խողովակների համար անվանական չափերը չեն համապատասխանում իրական չափերին:
Պարզենք, թե ինչո՞ւ է դա այդպես: Խողովակների չափերը ձևավորվել են պատմականորեն և կապված են արտադրության, ստանդարտացման և կիրառման առանձնահատկությունների հետ: Հիմնական պատճառն այն է, որ խողովակներն ունեն անվանական (հանրաճանաչորեն հայտնի են որպես խողովակների չափսեր), այլ ոչ թե ճշգրիտ մաթեմատիկական չափեր: Խողովակի անվանական չափը (NPS) չի վերաբերում խողովակի արտաքին տրամագծին, այլ դա ավելի շուտ խողովակի այն մոտավոր ներքին տրամագծին է, որը հարմար է հեղուկների և գազերի տեղափոխման ժամանակ հաշվարկների համար:
Խողովակների պատերի հաստությունները կարող են տարբեր լինել՝ կախված դասից: Օրինակ, 1 դյույմանոց խողովակի համար անվանական չափը 1 դյույմ է (25,4 մմ), բայց իրական արտաքին տրամագիծը 33,4 մմ է: Այսպիսով, խողովակի չափերը նշվում են ոչ թե ըստ իրական արտաքին տրամագծի, այլ ըստ պայմանական ստանդարտի:
Իսկ ո՞րն է անվանական չափերի պատմական ծագման պատճառը: 19-րդ դարի սկզբին, երբ խողովակների արտադրությունը դեռ սկզբնական փուլում էր, խողովակները պատրաստում էին ձեռքով և որոշում դրանց տրամագիծը գործնական նկատառումներով։ Սկզբում, օրինակ, խողովակը կոչվում էր «2 դյույմ», քանի որ դրա ներքին տրամագիծը մոտավորապես 2 դյույմ էր: Բայց քանի որ աստիճանաբար տեխնոլոգիան փոխվում էր, և պատերը դառնում էին ավելի բարակ, իրական ներքին տրամագիծը մեծանում էր: Նման ընդունված նշումները պահպանելու համար էլ ստանդարտացրել են ոչ թե իրական, այլ այն անվանական չափերը, որոնք ի սկզբանե օգտագործվել են ինժեներների կողմից:
Ի տարբերություն մետաղական խողովակների, որոնք նախկինում էին, պլաստմասե խողովակները (օրինակ ՊՎՔ) առավել հաճախ նշանակվում են իրենց արտաքին տրամագծով, այլ ոչ թե անվանական չափերով: Դա պայմանավորված է նրանով, որ պլաստիկ խողովակաշարերում ներքին տրամագիծն այնքան կարևոր դեր չի խաղում, որքան մետաղականներում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ճշգրիտ վերահսկել չափերը, ուստի պլաստիկ խողովակների անվանական և իրական չափերի հետ շփոթություն չկա: Օրինակ, 50 մմ–ոց ՊՎՔ խողովակն իրականում ունի 50 մմ արտաքին տրամագիծ: Դա պլաստիկ խողովակների դիզայնն ավելի կանխատեսելի և հարմար է դարձնում:
Այնուամենայնիվ խողովակների անվանական չափերը ներկայումս էլ չեն փոխվել։ Բանն այն է, որ չնայած տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծված համակարգից հրաժարվելը հսկայական դժվարություններ կառաջացներ արդյունաբերության և շինարարության համար։ Հետևաբար, հին անվանական չափերը շարունակում են օգտագործվել մինչ օրս: Պետք է նաև հիշել, որ խողովակները և կցամասերը պետք է համապատասխանեն միմյանց չափերով: Կցամասերի արտադրողները կենտրոնանում են խողովակների անվանական, այլ ոչ թե դրանց իրական տրամագծերի վրա:
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում ստանդարտները տարբեր են։ ԱՄՆ-ում օգտագործում են NPS համակարգ, իսկ Եվրոպայում՝ DN–ը, բայց էությունը մնում է նույնը՝ խողովակի անվանական չափը չի համապատասխանում իրականին։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ մետաղական խողովակների անվանական և փաստացի չափերի տարբերությունը ստանդարտների պատմական զարգացման արդյունք է: Ի տարբերություն մետաղական խողովակների, պլաստիկ խողովակները սովորաբար նշանակվում են ըստ իրենց իրական արտաքին տրամագծերի: Իմանալով այդ հատկանիշները, կարելի է խուսափել սխալներից շինարարության կամ այլ խնդիրների համար խողովակներ ընտրելիս:
Կ. Խաչիկյան