«Նա վախկոտ է». Միհրանյանն իր Հայաստան մուտք գործելու արգելքը կապել է Փաշինյանին քննադատելու հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուս պատմաբան և ՄԳԻՄՕ-ի համեմատական քաղաքագիտության պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանն իր Հայաստան մուտք գործելու արգելքը կապել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնապետության և վախկոտության հետ։ News.ru-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում, ըստ էության, մեկ մարդու կառավարում է տիրում։ «Ցավոք, մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենք ժողովրդավարություն են հաստատում, որ իրենք առաջադեմ են և գնում են արևմտյան ճանապարհով, ժամանակի ընթացքում հաստատել են բացարձակապես բռնապետական իշխանություն։ Ընդհանուր առմամբ, այսօր Փաշինյանն ավելի շատ բռնապետ է, քան վարչապետ։ Հիմա Հայաստանում իրականում միանձնյա կառավարում է, ամեն ինչ պտտվում է այդ անձի շուրջ։ Ըստ երևույթին, Փաշինյանը նաև վախկոտ է», - ասել է Միհրանյանը։
Նա խոստովանել է, որ քննադատաբար է խոսել Հայաստանի վարչապետի քաղաքականության մասին։ Քաղաքագետը նաև ասել է, որ Փաշինյանը կազմել է իրեն քննադատող մարդկանց մի ամբողջ ցուցակ։ Միաժամանակ, Միհրանյանը մանրամասնել է, որ նրանց թվում կան տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից մարդիկ, օրինակ Մարգարիտա Սիմոնյանը, Արամ Գաբրելյանովը և Կոնստանտին Զատուլինը։ Պատմաբանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը իրականում կորցրել է հանրային աջակցությունը։ Նրա խոսքով կա անվտանգության աշխատակիցների մի հսկայական բազմություն, որը բաժանում է Հայաստանի վարչապետին ժողովրդից։ «Նրան ժողովրդից բաժանում է պահակների հսկայական բազմություն։ Նա մի մարդ է, ով ցանկանում էր հեծանիվ քշել կամ զբոսնել ամբոխի մեջ, բայց այսօր նրան պահպանում է հարյուր մարդ։ Նա ոչ թե բանակն է ամրապնդում, այլ իր անձնական անվտանգությունը, քանի որ վախենում է ամեն ինչից և ունի դրա համար պատճառներ։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն այլևս չի կարողանում տանել նրան», - հավելել է քաղաքագետը։
Միհրանյանը հայտնել է, որ Հայաստան մուտք գործելու արգելքն իր համար անակնկալ չի եղել։ Զատուլինին և Սիմոնյանին ուղարկվել են համապատասխան փաստաթղթեր, սակայն, նշել է պատմաբանը, իրեն նման բան չէր ուղարկվել, ուստի ինքը որոշել էր անձամբ ստուգել, թե արդյո՞ք իրեն թույլ կտան մտնել Հայաստան։ Միհրանյանը ընդգծել է, որ մուտքի մերժման վերաբերյալ որևէ բացատրություն չի ստացել։ Նրա խոսքով որևէ բացատրություն չի էլ կարող լինել, քանի որ այդ դեպքում Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն խոստովանել, որ չեն հանդուրժում որևէ քննադատություն։ «Ինչքան ես եմ հասկանում, ես անձամբ Փաշինյանի հսկողության տակ էի։ Ես հասնում եմ, սահմանապահները նայում են համակարգչին, տեսնում են ինչ-որ բան, զանգահարում են Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին, իսկ նա էլ զանգահարում է Փաշինյանին։ Այդպես է որոշում կայացվել՝ ինձ ներս թողնել, թե ոչ։ Նրանք ինձ գրեթե երկու ժամ պահեցին այնտեղ սպասելով զանգի։ Հավանաբար պատճառը կիրակին էր, մինչ նրանք կապ հաստատեցին ղեկավարի հետ, մինչ նա կապ հաստատեց Փաշինյանի հետ։ Եվ հետո նրանք ինձ ասացին, որ ինձ արգելված է մուտք գործել», - եզրափակել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը