Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի հաղթական հաղթողը. ինչո՞ւ Իլհամ Ալիևը Հաղթանակի շքերթին չէր մասնակցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին բուռն քննարկումներ են առաջացրել Ռուսաստանում և Ադրբեջանում, ինչը հանգեցրել է ենթադրությունների և սխալ մեկնաբանությունների ալիքի։ Նրա անձի նկատմամբ այդքան մեծ ուշադրության պատճառը պարզ է. շատերը հույս ունեին, որ Ռուսաստանի մայրաքաղաքում, արարողակարգային միջոցառումներից բացի, հնարավոր կլինի հասնել հաշտեցման, այսինքն խորհրդանշականորեն «խաղաղության ծխամորճը ծխել» և լուծել Մոսկվայի և Բաքվի միջև լարվածությունը, որն առաջացել էր 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո: Սակայն դա չստացվեց, գրում է business-gazeta.ru–ն:
Հաղթանակի շքերթն ավանդաբար միավորում է Ռուսաստանին աջակցող երկրների առաջնորդներին։ Ալիևը նախկինում «պայմանականորեն» հաստատել էր իր մասնակցությունը, սակայն նրա այցը չեղարկվեց միջոցառումից մի քանի օր առաջ, ինչը հարցեր առաջացրեց երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի տրամադրած տեղեկատվության համաձայն Ալիևը որպես պատճառ նշել է հոր ծննդյան օրվան նվիրված ներքին միջոցառումները:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահի 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում բացակայությունն անակնկալ չէր։ Երկու տարի առաջ էլ նա միջոցառմանը չմասնակցելու պատճառ էր նշել հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը։ Իսկ եթե դիմենք պատմությանը, ապա նախագահ Ալիևի վերջին հաստատված մասնակցությունը Մոսկվայի շքերթին վերաբերում է 2015 թվականին, երբ նա մասնակցել էր Հաղթանակի 70-ամյակին։ Սակայն ամեն տարի Ռուսաստանի համար բարեկամ երկրների առաջնորդների Հաղթանակի շքերթին ներկայությունը կամ բացակայությունն ավելի ու ավելի քաղաքական երանգ ուներ։ Այդ միջոցառումը մի տեսակ հավատարմության նշան էր, չնայած Ռուսաստանի նախագահի կողմից բազմիցս արված հայտարարություններին, որ մասնակցությունը կամավոր է, և Մոսկվան ուրախ է տեսնել բոլոր նրանց, ովքեր կիսում են այդ տոնը։ Ինչ վերաբերում է Ալիևին, ապա հարկ է նշել, որ 2024 թվականի աշնանը նա առանց որևէ վերապահման եղավ Կազանում՝ BRICS գագաթնաժողովին։ Ավելին, նա կողք կողքի նստել էր իր հիմնական հակառակորդի՝ Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, լայն ժպտում և անբռնազբոս զրույցներ էր վարում նրա հետ։ Մինչ օրս միութենական միջոցառումներին մասնակցելը (իսկ Ադրբեջանը, հիշեցնենք, ԱՊՀ անդամ է) երբեք խնդիր չի եղել Ալիևի համար։
Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունն ազդած լինի նրա այս անգամվա որոշման վրա, թե՞ նա իսկապես զբաղված է եղել իր երկրի ներքին իրադարձություններով։ Պատասխանը երկիմաստ է։ Մի կողմից, Ռուսաստանի հետ ներկա և ապագա հարաբերություններն են վտանգված, և Հաղթանակի շքերթը կարող էր լավ հնարավորություն լինել անցյալի տարաձայնությունները հարթելու համար։ Այսպիսով, Ալիևը, կարծես, հակված էր գնալու։
Լարվածությունը մեղմելու փորձով Ռուսաստանը ձեռնարկել էր մի շարք դիվանագիտական քայլեր։ Դրանցից մեկը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն էր Բաքու 2025 թվականի մայիսի 3-ին: Ալիևի հետ հանդիպման ժամանակ պատրիարքը նաև անձամբ փոխանցել էր Պուտինի Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերը: Սակայն նույնիսկ այդ հրավերը չկարողացավ համոզել ադրբեջանական պետության ղեկավարին, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա խնդիրների խորության մասին։
Փորձենք հասկանալ հակամարտության նախապատմությունը։ Ալիևի Մոսկվա մեկնելուց հրաժարվելու որոշումը, ի թիվս այլ բաների, ակնհայտորեն թելադրված է երկրում իր իշխանությունը պահպանելու ցանկությամբ։ Արևելյան մտածելակերպ ունեցող առաջնորդի համար կարևոր է «պահպանել դեմքը» առանց թուլություն ցուցաբերելու։ 2020 թվականին երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանում ի հայտ է եկել հաղթանակող Ալիևի պաշտամունքը, և նրա զինվորական համազգեստով ազգային հերոսի կերպարը դարձել է ուժի խորհրդանիշ։ Մոսկվա կատարած այցն այն պայմաններում, երբ Ռուսաստանը չի ընդունել իր մեղքը 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի խոցման համար, Ադրբեջանում կարող էր ընկալվել որպես զիջում։ Հանրությունը վստահ է, որ Ռուսաստանն է մեղավորը, և Ալիևը ևս ինքը բացահայտորեն անվանել է աղետի «մեղավորին», չնայած պետք է ընդգծել, որ հետաքննությունը դեռևս ավարտված չէ։
Ողբերգության զոհերը հանրային գիտակցության մեջ բարձրացվել են շահիդների կոչման։ Նրանց կարգավիճակը շիական աշխարհում համեմատելի է ղարաբաղյան պատերազմների հերոսների կարգավիճակի հետ, ինչն այդ իրադարձությանը հաղորդում է խորը հուզական և խորհրդանշական կշիռ։ Այս հարցում Ալիևը վա– բանկ է գնում, ինչպես իր հայրը, ով 1987 թվականին խզեց հարաբերությունները Միխայիլ Գորբաչովի հետ հրաժարվելով ԽՍՀՄ բարձր պաշտոններից, և դա նրան հնարավորություն տվեց պահպանել ժողովրդի աջակցությունը։
Իսկ որքանո՞վ է նրա դիրքորոշումը կապված Արևմուտքին նայելու հետ, ինչպես պնդում են որոշ ռուսական լրատվամիջոցներ։ Ֆրանսիայի հետ հարաբերությունները զգալիորեն ավելի վատ են, քան Ռուսաստանի հետ, իսկ հարևան Իրանի հետ նույնպես լարված են. երկու երկրներն էլ աջակցում են Հայաստանին Ղարաբաղի հարցում։ Ռուսաստանը, սակայն, չեզոք դիրք գրավելով այլ կերպ գործեց և փաստացի թույլ տվեց Ադրբեջանին նվազագույն կորուստներով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Այդպես անելով նա զոհաբերեց Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները, որն այժմ որպես վրեժխնդրություն շարժվում է դեպի Եվրամիություն և սպառնում լքել միութենական կառույցները։ Կա նաև բրիտանական գործոնը, որը, ամենայն հավանականությամբ, ամենակարևորն է, ու նաև ամենաթաքնվածը։ Լոնդոնն ավանդաբար ազդեցիկ է եղել ինչպես Օսմանյան կայսրության մնացորդներում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ նույն British Petroleum-ը Բաքվի նավթային ընկերությունների բաժնետոմսեր ունի։
Ալիևը, լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ լավ գիտակցում է, որ համաշխարհային հակամարտությունները կարող են լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ։
Սակայն, որպես Ադրբեջանի առաջնորդ, նա ստիպված է հաշվի առնել արևելյան հասարակության քաղաքական իրողություններն ու մշակութային առանձնահատկությունները, որոնք իրենց հետքն են թողնում նրա գործողությունների և որոշումների վրա։ Եվ ստեղծված պայմաններում Ադրբեջանի նախագահը հայտնվել է դժվարին իրավիճակում, որտեղ նա ստիպված է հավասարակշռություն պահպանել ժողովրդի սպասումների, դիվանագիտական իրողությունների և այն բարդ աշխարհաքաղաքականության միջև, որում ներգրավված է Բաքուն։ 2020 թվականին երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո հասարակությունը նրանից ակնկալում է կոշտ քայլեր և ուժի ցուցադրություն, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Ալիևի որոշումների վրա ազդող արդեն նշված գործոններից բացի, կան նաև այլ ասպեկտներ, որոնք պետք է հաշվի առնվեն պատկերն ամբողջացնելու համար։ Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հաճախ են կարծիք հայտնում, որ Ալիևը հետևելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգներին և հուշումներին գործում է որպես նրա «խամաճիկ»։ Սակայն նման մեկնաբանությունը հեռու է իրականությունից։ Թեև Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն իսկապես բացառիկ մտերիմ են և կոչվում են «մեկ ժողովուրդ, երկու պետություն», Ալիևը վաղուց է իրեն դիրքավորել որպես անկախ խաղացող միջազգային ասպարեզում։ Դա հատկապես նկատելի է 2020 թվականին Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո, որը զգալիորեն ամրապնդեց Ադրբեջանի հեղինակությունը որպես կարևոր տարածաշրջանային խաղացող։ Ամենացայտուն օրինակներից մեկը նրա ցանկությունն էր հանդես գալ որպես միջնորդ Թուրքիայի և Իսրայելի միջև։ Այդ քայլը ընդգծում է ոչ միայն նրա անձնական դերը միջազգային քաղաքականության մեջ, այլ նաև Ադրբեջանի ցանկությունը կենտրոնական տեղ զբաղեցնելու բարդ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։
Մեկ այլ կարևոր գործոն էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախատեսվածը, բայց, որը, ի վերջո, չեղարկվեց: Չեղարկման պատճառը Գազայում և Սիրիայում իրավիճակի սրումն էր, ինչպես նաև Անկարայի որոշումը արգելել Իսրայելի կառավարության ղեկավարի ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի օգտագործումը: Իսրայելի առաջնորդը, որի հետ Ադրբեջանն ունի ամենաբարեկամական հարաբերությունները, նախատեսում էր երկրում հինգ օր անցկացնել, ինչն աննախադեպ ժամանակահատված է Գազայում ռազմական գործողություն իրականացնող պետության առաջնորդի համար։ Դա ընդգծում էր բանակցությունների ընթացքում բարձրացվող հարցերի բացառիկ կարևորությունը։ Մայիսին սպասվում էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու, որտեղ էլ կարող էին հանդիպել Թուրքիայի և Իսրայելի առաջնորդները։ Սակայն, Անկարայի կողմից Նեթանյահուի ինքնաթիռի իր օդային տարածքով թռիչքի արգելքը չեղարկեց դա։ Ադրբեջանը, լինելով Իսրայելի և Թուրքիայի կարևոր գործընկեր, ակտիվորեն ներգրավված է այս երկրների միջև միջնորդական գործընթացներում, հատկապես Սիրիային վերաբերող հարցերում։ Նման դերն էլ պահանջում է Ալիևի մշտական ներկայությունը Բաքվում, ինչը ևս կարող էր նրա Հաղթանակի շքերթին չմասնակցելու պատճառ լինել։
Այսպիսով, Ալիևի՝ Մոսկվայում տոնակատարություններին մասնակցելուց հրաժարվելը, մի կողմից, չի կարող դիտարկվել միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների պրիզմայով։ Նրա որոշումը թելադրված էր գործոնների համադրությամբ՝ միջազգային պարտավորությունների, տարածաշրջանային նկրտումների և ներքին սպասումների միջև հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Ադրբեջանը ձգտում է պահպանել իր անկախ դիրքը՝ միաժամանակ հանդես գալով որպես միջնորդ բարդ աշխարհաքաղաքական հակամարտություններում, դարձնելով իր քաղաքականությունը բազմակողմանի և պրագմատիկ։
Մյուս կողմից, Ադրբեջանի նման համեմատաբար փոքր երկիրը չի կարող գոյություն ունենալ առանց համաշխարհային «ուժի կենտրոններից» մեկի ուղեծիր մտնելու։ Ներկայումս դրանք երեքը կամ չորսն են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Եվրամիությունը և, հնարավոր է, Մեծ Բրիտանիան։ Անհավանական է, որ Ալիևը կարողանա երկար մանևրել առանց նրանցից որևէ մեկին պաշտոնապես միանալու։ Հատուկ ռազմական գործողության և ենթադրյալ «նոր Յալթայի» հետ մեկտեղ, որը կբաժանի աշխարհը «ուժի կենտրոնների» միջև, բոլորը ստիպված կլինեն կատարել հստակ ընտրություն։ Բոլոր աթոռներին նստելը հաստատ հնարավոր չի լինի։ Եվ այստեղ պետք է հիշել նրա հոր՝ Հեյդար Ալիևի քաղաքական փորձը, որը նույնիսկ ամենադժվար 90-ականներին, Բաքվում իշխանության վերադառնալով և երկիրը կտոր-կտոր հավաքելով մեկ բռունցքի մեջ, թույլ չէր տալիս որևէ մեկին կասկածել, որ ռուսական վեկտորը գլխավորն է իր ժողովրդի համար։ Արդյունքը (բայց բացարձակ հակառակը), ի դեպ, ակնհայտ է Ադրբեջանի երկու հարևան պետությունների համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը