«Քաղպայմանագրին» «ֆաս» հրահանգ են տվել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եկող շաբաթ խորհրդարանը կրկին մեկնարկելու է հերթական քառօրյան, և այն շատ ավելի կոշտ ու կոպիտ շեշտադրումներով է անցնելու, քան նախորդը, որտեղ դեռ հնարավոր եղավ խուսափել քաշքշուկից և ծեծկռտուքից։ Բանն այն է, որ որքան մոտենում է խորհրդարանական ընտրություններն, այնքան «Քաղաքացիական պայմանագիրը» գազազում է, և քանի որ հանրությանը կատարած աշխատանքի որևէ ռեալ արդյունք ցուցադրել չի կարող, ապա փորձում է չարաշահել «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը, որպես հիմնական թիրախ ընտրելով Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին։
Հաջորդ քառօրյայում ևս ՔՊ խմբակցության պատգամավորները ողջ թափով հարձակվելու են քոչարյանական խմբակցության վրա, չեն բացառվում ընդհուպ ծեծկռտուքները։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, մի շարք ավելի ամրակազմ պատգամավորների հանձնարարել են մշտապես ներկա լինել նիստերին անհրաժեշտության դեպքում հարցերը բռունցքներով լուծելու համար։
Սուտ կլինի ասել, թե նման կոշտ ուշադրությունը չի բխում «Հայաստան» դաշինքի շահերից, փաստացի այսպիսի փոխադարձ հակադարձումներով, վիրավորանքներով, «Հայաստան» դաշինքն ամրապնդում է իր դիրքը որպես հիմնական ընդդիմադիր ուժ։ Նիկոլ Փաշինյանին էլ ձեռք է տալիս ունենալ մի քաղաքական ուժ, որին կարող է մեղադրել տարատեսակ մեղքերի, թալանի, ամեն ինչի մեջ՝ այդ կերպ ապահովելով իր վերարտադրությունը։ Մի կողմից՝ սա օգտակար է 2 ուժերին էլ, բայց իրավիճակը կարող է դուրս գալ ՔՊ վերահսկողությունից և խորհրդարանական ընտրություններում խայտառակ պարտություն կրելուց հետո, արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է բախվել ընդհուպ ձերբակալությունների ու հաշվեհարդարների հետ։ Փաշինյանը փաստացի վա-բանկ է խաղում՝ հանուն իր իշխանության պահպանման։
Անուշ Սարգսյան