ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։
Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական կողմը ակնկալում է լուծել անհամաձայնություն առաջացնող հարցերը ամերիկացի ներկայացուցիչների հետ մեկ կամ երկու հանդիպումների ընթացքում։
«Հուսով եմ, որ մեկ կամ երկու հանդիպումների ընթացքում, Իրանի դիրքորոշման ավելի լավ ըմբռնման դեպքում, մենք կկարողանանք համաձայնությունների հասնել, որոնք թույլ կտան առաջ շարժվել բանակցություններում», – նախարարի խոսքերն է մեջբերում Mehr լրատվական գործակալությունը։