Արևմուտքի և Ալիևի նվերը Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ «Պատիվ է եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այդ որոշմանն աջակցելու համար»,- գրել է նա։
Խորհրդարանական ընտրություններից առաջ նման խոշոր միջոցառում Հայաստանում կազմակերպելը, երբ արևմտյան մեծ ու փոքր պետությունների բազմաթիվ ղեկավարներ ժամանելու են Հայաստան, ըստ էության, Արևմուտքի նվերն է Նիկոլ Փաշինյանին, ով, որևէ լուրջ ձեռքբերում չունենալով, այս կերպ փորձելու է փոխհատուցել իր ձախողումները։
Ուշագրավ է, որ, ըստ Փաշինյանի, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Ըստ որոշման՝ Երևանում գագաթնաժողովը կանցկացվի 2026 թ․-ին, Բաքվում՝ 2028 թ․-ին։ Եվ հենց հաջորդ գագաթնաժողովը Երևանում հրավիրելու նախաձեռնությանը Ադրբեջանի աջակցությունը վկայում է, որ Փաշինյանին իշխանությունը պահելու և վերարտադրության հարցում աջակցում է պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանն այս կերպ նպաստում է Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը։
Որքան էլ գործող իշխանությունները փորձեն իրենց ներկայացնել, թե իբր խնդիրներ ունեն Բաքվի հետ, փաստն այն է, որ Ադրբեջանի նախագահին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանի նման խամաճիկ ունենալը Հայաստանի իշխանության ղեկին, ուստի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունները միտված են Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Եվ այդ ուղղությամբ Ադրբեջանը բավականին զգալի ջանքեր է գործադրում, Փաշինյանն էլ իր հերթին պարտքի տակ չի մնում՝ հատիկ առ հատիկ կատարելով Բաքվի բոլոր քմահաճույքները։
Լիանա Վանյան