Ամռանը աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը մեծանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամռան սեզոնին, երբ օդի ջերմաստիճանը բավական բարձրանում է ու հիմնականում գերիշխում է շոգ եղանակը, մեծանում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, հիշեցնելով 2024 թվականի վիճակագրությունը, շեշտեց՝ եթե չպահպանենք սննդի անվտանգության հետ կապված որոշ կանոններ, կարող են լինել նաև բռնկումներ։
«Նախորդ տարի ամռանը սննդի գործոնով պայմանավորված արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որից 2-ը եղել է Երևանում հանրային սննդի կազմակերպություններում։ Մնացած դեպքերը գրանցվել են մարզերում։ Հիմնական պատճառն այն է եղել, որ սննդի պահման, պատրաստման կանոնները չեն պահպանվել։ Սնունդը ենթարկվել է երկրորդային աղտոտման, ու մենք ունեցել ենք այս բռնկումները»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։
Աղիքային վարակիչ հիվանդությունները փոխանցվում են սննդի, ջրի ու ձեռքերի միջոցով։ Հետևաբար, շատ կարևոր է հատկապես արագ փչացող սննդատեսակները գնել միայն խանութներից, խոսքը կաթնամթերքի, մսամթերքի, ձվի, կրեմային հրուշակեղենի և այլ համանման ուտելիքների մասին է։ Դրանք պետք է բացառապես պահպանվեն սառնարանային պայմաններում։
«Հիմա հանգստի ակտիվ սեզոնն է։ Շատերը ձգտում են իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում, ուսումնական հաստատություններն էքսկուրսիաներ են կազմակերպում։ Մեր հորդորն է քաղաքացիներին՝ խստորեն պահպանել սննդի անվտանգության կանոնները։ Անպայման նախ ձեռքերը, այնուհետև սնունդը պետք է հոսող ջրի տակ լավ լվանալ, որևէ բան պատրաստելիս հնարավորինս զերծ մնալ երկրորդային աղտոտումից, շուտ փչացող սնունդը պահել միայն սառնարանում»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանը նշեց, որ քաղաքացիները պետք է ուշադիր լինեն աղիքային վարակիչ հիվանդությունների առաջին ախտանիշների նկատմամբ և դիմեն բժշկին։
«Աղիքային ինֆեկցիաների պարագայում առաջին ախտանիշներից է փոխումը, ախորժակի անկումը, որովայնի շրջանում ցավերը, կարող է լինել բարձր ջերմություն, աղեստամոքսային խանգարում, ջրազրկման ռիսկ։ Հետևաբար, շատ կարևոր է բժշկի հետ խորհրդակցելը։ Մեզ մոտ հոսպիտալացումները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ բուժառուները ուշ են դիմում, արդեն բարդացած փուլ է լինում։ Դրա համար մեր հորդորն է ինքնաբուժությամբ չզբաղվել» ասաց Հայկ Հարությունյանը։
Բժիշկն ընդգծեց, որ քաղաքացիների շրջանում տարածված սխալներից է հակաբակտերիալ դեղամիջոցների կիրառումը, որը աղիքային ինֆեկցիաների պարագայում նույնիսկ հակացուցված է։ Մասնագետը նշեց, որ դրանք կարող են առաջացնել լուրջ հետևանքներ, այդ թվում՝ երիկամների անբավարարություն։