«Զուտ բլոգեր. այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
newizv.ru–ն «Ազգային շահերն ընդդեմ «մաքուր աղմուկի»» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին տարիներին Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները բավականին երկիմաստ են։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրել է Ռուսաստանի հետ կապերը խզելու և Միացյալ Նահանգների ու ԵՄ երկրների հետ մերձենալու ուղի, չնայած վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն է երկօրյա աշխատանքային այցով եղել Երևանում։ Չնայած երկու երկրների կառավարությունների միջև բազմաթիվ տարաձայնություններին, Մոսկվան և Երևանն ունեն նաև բազմաթիվ շփման կետեր, որոնք ուշադրության կարիք ունեն։ Այդ մասին հիշեցրել է ռուս լրագրող, գրող, հեռուստահաղորդավար Արմեն Գասպարյանը։
«Չնայած Հայաստանի ներկայիս կառավարության բոլոր ջանքերին և անընդհատ փորձերին, որոնք, իմ կարծիքով, արտաքին ճակատում լիովին արդյունավետ չեն Ռուսաստանին ինչ-որ կերպ նյարդայնացնելու համար, Հայաստանը դեռևս մնում է Մաքսային միության կազմում։ Եվ մենք այնտեղ ռազմաբազա ունենք՝ Շիրակում։ Եվ, իհարկե, երկու երկրների միջև այսօր գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն և առաջ մղվեն», - վստահություն է հայտնել նա։
Իրոք, Մոսկվային չարացնելու նպատակով Փաշինյանի կառավարությունը փորձում է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի և Փարիզի հետ, չնայած այն հանգամանքին, որ այդ քաղաքականությունն արդեն իսկ զգալի վնաս է հասցրել հայ հասարակությանը և պետությանը։ Ընդ որում, Երևանը մտադիր չէ հրաժարվել դրանից։ Միևնույն ժամանակ, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին, Հայաստանը շարունակում է մնալ Մոսկվայի հովանու ներքո գործող մի շարք միջպետական միավորումների անդամ։ Նախևառաջ խոսքը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է, որոնցից Երևանը, չնայած իր բոլոր բարձրաձայն հայտարարություններին, չի շտապում հեռանալ։ Հետևաբար, ինչպես նշել է Գասպարյանը, «այստեղ խնդիրը բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարության հակաարդյունավետ դիրքորոշումն է»։
Այսպիսով, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, փորձելով իրականացնել իր օտարերկրյա կուրատորների շահերը, երկիրը տանում է դեպի լիարժեք ազգային աղետ։
«Նույնիսկ իրենց ներքին շրջանակներում նրանք, քաղաքավարի ասած, ցուցադրում են ոչ այնքան ադեկվատություն։ Իր իշխանության տարիներին էլ Փաշինյանը երբեք քաղաքական գործիչ չդարձավ։ Շատ առումներով նա նույն մոդելի մեջ է, ինչ բլոգերը, այսինքն՝ անում է այն, ինչին սովոր է։ Բլոգերը պետք է աղմուկ բարձրացնի, և Հայաստանի կառավարության շատ գործողություններ մաքուր աղմուկ են», - եզրափակել է Արմեն Գասպարյանը՝ ավելացնելով, որ նման հռետորաբանությունը չի կարող հարիր լինել լուրջ քաղաքական գործչին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում