Ավտովթար՝ Երևանում. բախվել են շտապօգնության մեքենան ու «Range Rover»-ը. կա 3 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն ու բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհարտանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատր Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: