Որ դեպքում պատասխանատվության չեն ենթարկվի վարժական հավաքներին չներկայացողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովում քննարկման ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք ուղղված են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու դեպքերի կանխարգելմանը։
Ըստ փոխնախարարի՝ վերջին տարիներին նկատվում է նման խախտումների աճ։ Մասնավորապես՝ 2023 թվականին այս ոլորտում գրանցվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024-ին՝ արդեն 1779, ինչը փաստում է, որ խնդիրը խորանում է։ Այս հիմքով կառավարությունը որոշել է խստացնել պատժամիջոցները։
Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով նախատեսված պատիժը՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ ներկայիս 2-5 տարվա փոխարեն։ Իսկ 462-րդ հոդվածով՝ վարժական հավաքներից խուսափելու դեպքում, տուգանքն առավելագույնը բարձրացվում է 15-30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման ժամկետը՝ մինչև 3 տարի՝ նախկին առավելագույն 2 տարվա փոխարեն։
Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք քաղաքացիները պատշաճ ծանուցվում են զորակոչի կամ վարժական հավաքի վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ ըստ օրենքի, համապատասխան հայտարարությունները պետք է հրապարակվեն Azdarar.a m կայքում, սակայն դա միշտ չի արվում։
Մանուկյանը շեշտեց, որ անհասանելի կամ բացակայող ծանուցման պարագայում քաղաքացին չի կարող պատասխանատվության ենթարկվել՝ առանց նախապես տեղեկանալու։
Ի պատասխան՝ Գևորգ Քոչարյանը վստահեցրեց, որ եթե համապատասխան ծանուցում չի եղել, ապա քրեական հետապնդում չի իրականացվում։ Սակայն Մանուկյանն արձագանքեց, որ միայն պատժի խստացումը բավարար չէ․ «Կարևոր է, որ գործեն այն մեխանիզմները, որոնք պետք է ուղեկցեն այս խստացումներին»։