ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է հանգեցնել ռուսական նավթի գների կտրուկ անկմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրահանձնաժողովը եվրոպական առաջատար երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի աջակցությամբ, ցանկանում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ իջեցնելով ռուսական նավթի գնի առաստաղը մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 45 դոլար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ այդ սահմանափակումները դիտարկվում են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում։ Հրատարակությունը նշել է, որ նախաձեռնությունը դեռ միաձայն աջակցություն չի ստացել ԵՄ անդամ բոլոր 27 երկրների, ինչպես նաև G7 երկրների կողմից։
Այս առաջարկին հակառակորդներ կան նաև Եվրամիությունում։ Օրինակ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան և Հունաստանը, թերահավատորեն են վերաբերվում նավթի գների սահմանափակմանը և ուսումնասիրում են նման որոշման հնարավոր հետևանքները։