Նեթանյահուին ասել եմ, որ Իրանին hարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անցյալ շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է Իրանի դեմ չձեռնարկել ռազմական գործողություններ, որոնք կարող են խաթարել Վաշինգտոնի միջուկային բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ։
Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ The New York Times-ը հայտնել էր հեռախոսազանգի մանրամասները՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելը կարող է առանց նախազգուշացման հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:
Օվալաձև աշխատասենյակում լրագրողների այն հարցին, թե արդյոք նա Նեթանյահուին ասել է, որ չթիրախավորի Իրանը, Թրամփը պատասխանել է. «Դե, ես կցանկանայի անկեղծ լինել: Այո, ես ասացի (Նեթանյահուին), որ դա շատ անտեղի կլիներ անել հենց հիմա, քանի որ մենք շատ մոտ ենք լուծմանը: Դա կարող է փոխվել ցանկացած պահի: Բայց հենց հիմա, կարծում եմ, (Իրանը) ցանկանում է գործարք կնքել, և եթե մենք կարողանանք գործարք կնքել, դա կփրկի շատ կյանքեր: Մենք շատ լավ քննարկումներ ենք ունենում (Իրանի հետ), և ես ասացի (Նեթանյահուին). «Չեմ կարծում, որ դա տեղին է այս պահին»», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը կրկնել է, որ ընթացող բանակցություններում հնարավոր է երկու արդյունք՝ մեկը «բռնի», որից ԱՄՆ-ը կնախընտրի խուսափել, և երկրորդը՝ գործարքը: