«Շվեյցարացի պատգամավորներն առաջ են քաշել նախաձեռնություն կապված Լեռնային Ղարաբաղի հետ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Շվեյցարիայում ստեղծվել է խորհրդարանական հանձնաժողով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու խաղաղության նախաձեռնությունը խթանելու համար, գրում է swissinfo.ch–ն։ Ինչպես հաղորդել է Շվեյցարիայի հանրային SRF հեռուստաալիքը, հանձնաժողովը կստեղծի հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Գաղափարն այն է, որ կազմակերպվի քննարկման ֆորում, որտեղ երկու կողմերը կարող են քննարկել հակամարտության հետևանքները և դրա լուծման հնարավոր ուղիները։
2023 թվականի աշնանն Ադրբեջանը, օգտագործելով ռազմական ուժ, լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի համաձայն տարածաշրջանը միշտ է եղել Ադրբեջանի մաս, սակայն տասնամյակներ շարունակ այն արդյունավետորեն վերահսկվում էր Հայաստանի կողմից և բնակեցված էր հիմնականում էթնիկ հայերով։
Ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո տարածաշրջանի ողջ հայ բնակչությունը վտարվեց տարածաշրջանից։ Տարբեր գնահատականներով մոտ 150,000 մարդ է փախել Հայաստան։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տեղի ունեցածն անվանում են էթնիկ զտում։ Միջազգային դատարանն արդեն իսկ պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանված անձանց կամավոր և անվտանգ վերադարձը։
Այս իրադարձություններին ի պատասխան Բեռնում ստեղծվել է խորհրդարանական հանձնաժողով, որը կոչ է անում Շվեյցարիային ակտիվ դեր խաղալ խաղաղության գործընթացում և նպաստել հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Հանձնաժողովն աջակցություն է ստացել ինչպես Ազգային խորհրդից, այնպես էլ Պետությունների խորհրդից (խորհրդարանի մեծ և փոքր պալատներ): Երկու պալատներն էլ արդեն ընդունել են համապատասխան բանաձևեր չնայած կառավարության առարկություններին։ Շվեյցարիայի կառավարությունը զգուշացրել է, որ միջազգային համաժողովի կազմակերպումն առանց հակամարտող երկու կողմերի հստակ խնդրանքի կարող է հակաարդյունավետ լինել:
Միևնույն ժամանակ, Դաշնային դեպարտամենտը (Արտաքին գործերի նախարարությունը) ընդգծել է, որ Շվեյցարիան պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը, եթե երկու կողմերն էլ ցանկանան: Բացի այդ, պաշտոնական Բեռնը նաև կոչ է արել ապահովել տեղահանված հայերի տարածաշրջան անվտանգ վերադառնալու իրավունքը: 2026 թվականին Շվեյցարիան կնախագահի ԵԱՀԿ-ում և այդ հարթակը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղից փախստականների ճակատագրի հետ կապված հարցերը քննարկելու համար: Սակայն Բաքվից զիջումներ ստանալը դժվար կլինի, Ադրբեջանը մնում է աշխարհաքաղաքական առումով կարևոր և տնտեսապես ազդեցիկ պետություն, որը կառավարվում է ավտորիտար ռեժիմով, բացի այդ երկիրն ունի զգալի ռազմական ներուժ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը