ԱՄՆ հետախուզության զեկույց. Ռուսաստանը մեծացնում է ճնշումը Վրաստանում և կորցնում է ազդեցությունը Հայաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվան գրեթե Վրաստանը վերադարձնել է իր ազդեցության ոլորտ և արդեն իսկ առաջընթաց է գրանցել երկրի ներքին քաղաքական գործընթացների շնորհիվ, ասվում է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) Կոնգրեսին ներկայացված տարեկան զեկույցում, գրում է Jam-news.net–ը։
DIA-ի վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պարարտ հող է ստեղծել ռուսական ազդեցության աճի համար։ Այդ եզրակացությունը հնչել է Թբիլիսիում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի և այն մեղադրանքների ֆոնին, որ երկիրը շեղվում է եվրոպական ինտեգրման ուղուց։
ԱՄՆ պետքարտուղարն էլ Վրաստանի կառավարությանը անվանել է «հակաամերիկյան ուժ»։ Ռուբիոն ասել է, որ իրենք «գործողություններ կձեռնարկեն» «Վրացական երազանքի» դեմ։ Դա Թրամփի վարչակազմի պաշտոնյայի կողմից Վրաստանի մասին արված առաջին հայտարարությունն է։
Նշանակալից է այն, որ զեկույցում գրեթե չի հիշատակվում Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը ուշադրության կենտրոնում է որպես Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման օրինակ։ Ռուս-հայկական հարաբերությունները, ըստ DIA-ի, «վատթարացել են անցյալ տարի», երբ Հայաստանը հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության մասին, և Ռուսաստանը, ի պատասխան, տեղեկատվական արշավ սկսեց Հայաստանի ժողովրդավարական ուղու և արևմտամետ ղեկավարության դեմ: Այսպիսով, հետխորհրդային տարածքում ռուսական ակտիվության աճի ընդհանուր միտման ֆոնին, Հարավային Կովկասը ներկայացնում է խառը պատկեր. Վրաստանը գտնվում է «ազդեցության մեղմ բռնակցման» հետագծում, Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շրջադարձի եզրին, իսկ Ադրբեջանը նույնիսկ չի հիշատակվում զեկույցում, ինչը կարող է վկայել կամ կայունության, կամ երկրում առկա գործընթացների թափանցիկության բացակայության մասին:
ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) տարեկան սպառնալիքների գնահատման զեկույցը ԱՄՆ հետախուզական համայնքի հիմնական տարեկան փաստաթղթերից մեկն է, որը ներկայացվում է ԱՄՆ Կոնգրեսին: Այն արտացոլում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը սպառնացող ամենահրատապ և երկարաժամկետ սպառնալիքների գնահատականը, ներառյալ ռազմական, կիբեր, միջուկային և աշխարհաքաղաքական մարտահրավերները: Ավելի քան 140 երկրներից ստացված հետախուզական տվյալների հիման վրա պատրաստված զեկույցն օգտագործվում է ոչ միայն ներքին ռազմավարական պլանավորման համար, այլ նաև որպես ազդանշան` դաշնակիցներին և հակառակորդներին Պենտագոնի առաջնահերթությունների և մտահոգությունների վերաբերյալ: Դրա բովանդակությունը ազդում է բյուջեի բաշխման, արտաքին քաղաքականության որոշումների և ԱՄՆ պաշտպանական նախաձեռնությունների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը