Հրդեհ Գերմանիայի հիվանդանոցում. զոհվել է երեք հիվանդ, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գիշերը գերմանական Համբուրգ քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով երեք հիվանդ է զոհվել և բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնում է Associated Press-ը։
Հրշեջներն ահազանգ են ստացել Մարիենկրանկենհաուս հիվանդանոցում բռնկված հրդեհի մասին մոտավորապես կեսգիշերին։ Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի ծերաբուժական բաժանմունքի սենյակում և տարածվել վերին հարկի ճակատային մաս։ Ծուխը տարածվել է շենքի բոլոր չորս հարկերում։
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։ Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ երեք մեծահասակ հիվանդ է զոհվել, և ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնել է գերմանական dpa լրատվական գործակալությունը։
Նրանցից երկուսը գտնվել են կյանքին վտանգ սպառնացող վիճակում, 16-ը ստացել են լուրջ վնասվածքներ, իսկ 36-ը՝ թեթև վնասվածքներ։ Ստիպված են եղել տարհանել հիվանդանոցի մի մասը։ Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել կա՛մ հենց հիվանդանոցում, կա՛մ մոտակա կլինիկաներում։ Հրդեհը մարվել է մոտ 20 րոպեում։