Նիկոլ Փաշինյանի թիրախում Կաթողիկոսն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գործող իշխանությունների հակաեկեղեցական ստոր արշավը շարունակվում է նոր թափով, Փաշինյանի թիրախում Գարեգին Երկրորդ կաթողիկոսն է։ Վերջինիս դեմ իշխանությունը հարձակում սկսեց Շվեյցարիայում «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» խորագրով միջազգային համաժողովից հետո։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաժողովին հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։
Հենց այս խոսքն է, որ Փաշինյանն ու իր տերերը ոչ մի կերպ չեն կարողանում մարսել։ Երեկ Փաշինյանը գրառում էր արել, նշել, որ եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրի առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Ուշ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հայտարարություն արեց, նշեց, որ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։
«Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով»,- նշել էր խորհուրդը, ընդգծել, որ եկեղեցամարտ այս կեցվածքն ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։
Հայտարարության մեջ նշվում էր, որ նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։ Հոգևոր հայրերը նաև փաստել էին, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Վարչապետին որևէ կոչ չանելով՝ խորհուրդը կոչը հղել էր իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը. «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների»։
Հանուն արդարության, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունից դժգոհ էին նաև ընդդիմադիր շրջանակները, որոնք ավելի կոշտ դիրքորոշում էին ակնկալում, նշում, որ Փաշինյանը չի հանդարտվելու իր արարքներում։ Եվ իրոք, այսօր առավոտյան արդեն Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»,- նշել է նա՝ փաստելով, որ իր հակաեկեղեցական արշավում կանգ առնել մտադիր չէ։
Լիլի Զախարյան