Ռուսաստանն ակտիվացնում է իմպիչմենտի գաղափարը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվայում վերջին օրերին մի քանի քննարկումներ են եղել կապված Հայաստանի և Հայաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, այդ քննարկումները տեղի են ունեցել Կրեմլի այն կաբինետներում, որոնք զբաղվում են Հայաստանի հարցերով, մասնակցել են հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ, ինչպես նաև ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները, այդ թվում նաև վարչապետին իմպիչմենտ հայտարարելու հարցը։
Ռուսական կողմը նշել է, որ իրենք ընդհանրապես դեմ են հեղաշրջմանը կամ հեղափոխական զարգացումներին, որոնք թեպետ կարող են այսրոպեական արդյունք տալ՝ հեռացնելով Փաշինյանին, բայց երկարաժամկետ կտրվածքում խնդիրներ են հարուցելու ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Հայաստանի համար։ Ընդգծելով, որ կողմ են իշխանափոխության օրինական բոլոր միջոցներին՝ եկել են եզրակացության, որ պետք է իմպիչմենտի գործընթացն անընդհատ գեներացված պահել։ Նույնիսկ, եթե այս պահին հնարավոր չէ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարել և հեռացնել իշխանությունից, գործող իշխանությունները պետք է իրենց թիկունքում անընդհատ զգան սահմանադրական իշխանափոխության տարբերակը, վախեր ունենան, իսկ Հայաստանում գեներացվող այդ պրոցեսները հասարակության և ուժային կառույցների մեջ միշտ պետք է թեժ պահեն իշխանափոխության հնարավորության հարցը։
Ուստի և չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ևս մի քանի նման պրոցեսներ գեներացվեն, ստորագրահավաքներ կազմակերպվեն թե՛ խորհրդարանում և թե՛ խորհրդարանից դուրս, գործող իշխանություններին էլ անընդհատ լարվածության մեջ պահեն, ինչ-որ պահի սահմանադրական ճանապարհով Հայաստանում իշխանությունը Փաշինյանից և դրա տերերից խլելու նպատակով։
Աննա Զիրոյան