Ինչու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից․ ՆԳ նախարարի պարզաբանումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Արամ Հովհաննիսյանը գնաց միանալու ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին, Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին և հերթական օրինակը դարձավ այն պաշտոնյաների, որոնք ՀՀ-ում ծառայեցին ոչ թե օրենքներին, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին»,- ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարցնելով՝ ի՞նչ պատճառով է ծառայությունից ազատվել ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
ՆԳ նախարարի խոսքով՝ նախարարությունում իր նշանակումից հետո եղել են կադրային տարբեր փոփոխություններ, ինչը բնական է․
«Կադրային փոփոխություններն օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ մեկ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է։ Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։
Պետք չի փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր, այլ բաներ։ Որևէ անձ հավերժ չէ իր պաշտոնում»,- ասաց նախարարը՝ հերքելով Հովհաննիսյանի ազատման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը։