Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին Գյումրիում մեծ արձագանք է ստացել թոշակառու 72-ամյա բնակչուհի Արմենուհի Համբարյանի հետ տեղի ունեցածը։ Տիկինն, օրերս այցելելով պոլիկլինիկա, պարզել է, որ իր նպաստը «կտրել են», և ինքն այլևս չի կարող անվճար դեղորայք ստանալ։ Փորձելով հասկանալ, թե որն է խնդիրը, նա դիմել է Գյումրու միասնական սոցիալական ծառայություն, որտեղ իրեն կոպտել են, հարցրել, թե ում օգտին է քվեարկել վերջերս Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում: Ստանալով իրենց համար ոչ ցանկալի պատասխան՝ հորդորել են գնալ ու նպաստ պահանջել իր նախընտրելի թեկնածուից՝ Մարտուն Գրիգորյանից։
Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են, որ, ըստ սահմանված կարգի, իրականացվել է անապահովության գնահատման գործընթաց, որի արդյունքում պարզվել է՝ անապահովության միավորը ցածր է եղել սահմանված շեմից։ «Հարկ է նկատի ունենալ, որ միավորը ծրագրում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ որևէ կերպ աշխատակիցները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա», - նշել է նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը։ Սա նշանակում է, որ փաստը, թե ում օգտին է քվեարկել Արմենուհի Համբարյանը, որևէ նշանակություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նրա՝ նպաստ ստանալ/ չստանալու հանգամանքի վրա։ Բայց, փաստորեն, դա չի խանգարել համապատասխան ծառայության ներկայացուցիչներին քաղաքացուն ուղղորդել ընդդիմադիր գործչի դեմ, այսինքն՝ քաղաքական երանգ տալ։ Ինչո՞ւ է նման բան արվում: Գյումրիում խոսում են, որ իշխանությունները, բացի նրանից, որ ամեն ինչ անում են կոնկրետ Մարտուն Գրիգորյանից «մուռ հանելու» համար, քանի որ հենց նրա որոշման արդյունքում հնարավոր դարձավ իշխանափոխությունը Գյումրիում, նման մեթոդներով փորձում են նաև քաղաքացիներին ներշնչել, թե ընդդիմադիր գործիչներին աջակցելը հետևանք է ունենալու։ Այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ «խելոք լինեն», հաջորդ ընտրություններին հանկարծ չփորձեն քվեարկել, աջակցել կամ նույնիսկ լինել ընդդիմադիրների կողքին։ Կրկնենք, որքան էլ այս դեպքում նպաստ ստանալ-չստանալը չէր կարող որևէ կապ ունենալ քաղաքացու ընտրության հետ: Ստացվում է՝ վաղն էլ կարող են մարդու՝ օրինական կերպով հասանելիք նպաստը կամ կենսաթոշակը ձևակերպելը մատուցել որպես իշխանությունների կողմից մեծ լավություն:
Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները հետապնդվում են Գյումրիում կայացած ընտրություններից հետո։ Այսպես, աշխատանքից հեռացվել է նրա հորեղբոր որդին՝ Արկադի Գրիգորյանը։ Վերջինս Գյումրու ավտոկայարանի տնօրենն էր։ Երկու օր առաջ ավտոկայարանի աշխատակիցներին է ներկայացվել նոր տնօրենը, և հիմա Գրիգորյանները այլևս որևէ առնչություն չունեն Գյումրու ավտոկայարանի հետ։ Մինչ այդ աշխատանքից հեռացվել էր Մարտուն Գրիգորյանի մեկ այլ թիմակից՝ ծերանոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը։ Շարունակվում են նաև Գրիգորյանի հոր, որդու և յոթանասունն անց 4 կին թիմակիցների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները։ Հիշեցնենք նաև ՔՊ-ի կողմից «Մեր քաղաքը» խմբակցության մանդատը խլելու փորձը, ինչը չհաջողվեց նրանց։
Այսպիսով, ինչպես խոսում են Գյումրիում, իշխանությունները հետևություններ են արել Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և որոշել մինչ խորհրդարանական ընտրությունները ընդդիմադիր պատգամավորի, նրա թիմակիցների և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով «իրավիճակ շտկել» քաղաքում։ Նաև՝ այդպես «պատրաստվել» խորհրդարանական ընտրություններին...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում