Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ» թերթը գրել է․
Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից եւ կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։ Արդյո՞ք անձամբ Փաշինյանն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ առջեւում ընտրություններ են, եւ չարժե նեղացածների, խռովածների բանակ ունենալ, թե՞ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է իր հզոր հովանավորի միջոցով։ Այս հարցը նաեւ տեղի ՔՊ-ականներին է հուզում։
Բանն այն է, որ Դավթյանը ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերն է, եւ չի բացառվում, որ հենց Բաբայանն է միջնորդել Դավթյանի համար, ինչպես որ ողջ շրջապատին է գործի տեղավորել։ Ի դեպ, այս փաստը խժդժություններ է մտցրել Կապանի տարածքային կառույցում, նրանք կարծում են, որ եթե Նարեկ Բաբայանն այսպես շարունակի մինչեւ 2026 թվականը, եւ մարզում ԽԾԲ-ն իշխի, ապա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Սյունիքում հաշված ձայներ են ստանալու։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։