ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկ հրապարակած հայտարարությունը հերթական անգամ վկայեց, որ հայրենի ընդդիմության շարքերում ամեն ինչ չէ, որ խաղաղ է։ Արձանագրելով, որ մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հանրապետական կուսակցությունն առաջարկել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել, այդ նպատակով ՀՀԿ խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշերին համապատասխանող վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար։
Մամուլում տարբեր անուններ են շրջանառվում, թե ով է լինելու Հանրապետականի «վարչապետի» թեկնածուն, քննարկվում է Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, այլ անձանց անունները, բայց հաշվի առնելով, որ խորհրդարանում «Պատիվ ունեմ»-ը բավականին փոքր ներկայացվածություն ունի, «Հայաստան» դաշինքի հետ էլ լուրջ խնդիրներ կան, ըստ երևույթին, կարելի է արձանագրել, որ այս նախաձեռնությունը ևս ձախողվելու է։
Իհարկե, սխալ կլինի կարծել, թե ՀՀԿ-ից չեն հասկանում նման զարգացման հնարավորությունը, բայց փորձում են թեժ պահել իրավիճակը, լարվածության մեջ պահել գործող իշխանություններին, անհրաժեշտ պահին իշխանափոխության համար նախադրյալներ ստեղծելու։ Ի վերջո գործող իշխանությունները հայտարարել են, որ գնալու են հերթական խորհրդարանական ընտրությունների 2026 թ․-ին և ողջ թափով պատրաստվում են այդ ընտրություններին։ Ընդդիմությունն էլ կարիք ունի անընդհատ լարվածության մեջ պահել իշխանությանը, թույլ չտալու նրա ռեսուրսների գերկենտրոնացում, հակառակ պարագայում, Փաշինյանը 2026 թ․-ին կրկին հաղթանակ կտանի հայ ժողովրդի նկատմամբ։
Նելլի Արզումանյան