Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեզոնային ստուգումների ֆոնին՝ երբ հանրային ուշադրությունը կրկին սեւեռված է սննդամթերքի անվտանգության վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքը ոչ միայն հարցեր է առաջացնում, այլև՝ լրջագույն մտահոգություններ։ Պաղպաղակի արտադրության ոլորտում իրականացված ստուգումների վերաբերյալ վերջին հաղորդագրությունները, եթե մի կողմ թողնենք պաշտոնական բառախաղերն ու թվերը, իրականում մատնանշում են՝ համակարգային ձախողում։
ՍԱՏՄ-ի հաղորդագրությունների համաձայն՝ որոշ արտադրողներ խախտել են սննդամթերքի անվտանգության նորմերը, հայտնաբերվել են վտանգավոր մանրէաբանական աղտոտվածություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ): Այդ արտադրանքը, ըստ ՍԱՏՄ-ի, պետք է շուկայից հետ կանչվի, ոչնչացվի կամ արգելվի իրացումը։
Սակայն այստեղ է, որ սկսվում է ամենավտանգավորը։
Ոչ մի գրություն, ոչ մի որոշում չեն ստացել ընկերությունները։ Համաձայն «Փաստ»-ի տեղեկությունների, տնտեսվարողները հենց ՍԱՏՄ-ի մամուլի հաղորդագրությունից են իմացել, որ խախտում են թույլ տվել, իրենց գործունեությունը կասեցվել է կամ արտադրանքը՝ վտանգավոր։ Այսինքն՝ եթե որևէ ընկերություն չկարդա այդ հաղորդագրությունները, օրեր շարունակ կարող է շարունակել խախտումով արտադրանք վաճառել՝ առանց իմանալու դրա մասին։
Արդյունքում՝ վտանգված է ոչ միայն սպառողի առողջությունը, այլև՝ ամբողջ վերահսկողության մեխանիզմի լեգիտիմությունն ու իրավական արժանահավատությունը։
Ո՞վ է պատասխան տալու հետևանքների համար
Տնտեսվարողները մեզ հետ զրույցում փաստում են՝ ՍԱՏՄ-ի այս անկազմակերպ վիճակը նոր չէ, այլ սկսվել է անցած տարվանից, երբ ղեկավար դարձավ Արմեն Դանիելյանը։ Այսօր վերջինս կալանավորված է՝ կոռուպցիոն մեղադրանքով։ Իսկ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնը ստանձնած Տիգրան Պետրոսյանի օրոք, ըստ նույն աղբյուրների, կառույցը գործնականում անգործության է մատնված։
Սրա ամենացայտուն օրինակներից մեկը՝ Հայաստանից արտահանվող ծաղիկների պատմությունն է։ Հենց այս կառույցի անգործության պատճառով արդեն երկու բեռնատար ծաղիկ ՌԴ սահմանին ոչնչացվել է, իսկ հունիսի 16-ից կարանտինային ռեժիմ է սահմանվելու։ Արդյունքում՝ Հայաստանը կարող է կրել բազմամիլիոնանոց ֆինանսական վնաս։
ՍԱՏՄ-ը՝ գործի՞ք, թե պատիժ
ՍԱՏՄ-ը պաշտոնապես պետք է լինի այն կառույցը, որն իր գործառույթներով պաշտպանում է սպառողին։ Բայց երբ հանրության անվտանգությունն է կախված «մամուլի հաղորդագրություն տեսնելուց», դա արդեն վտանգավոր անտարբերություն է, այլ ոչ թե վերահսկողություն։
Իսկ երբ պետական վերահսկող կառույցը կորցնում է վստահությունը, դրա հետևանքները լինում են առողջության, տնտեսության և հանրային վստահության վրա։
Հետևությունները պիտի լինեն պետական մակարդակով
- Կառավարությունը պարտավոր է հրատապ կերպով վերանայել ՍԱՏՄ գործունեության ընթացակարգերը։
- Պետք է երաշխավորվի, որ տնտեսվարողին նախ տեղեկացվում է, ապա միայն՝ հրապարակվում։
- Անհրաժեշտ է գնահատական տալ ղեկավար կազմի գործունեությանը։
Հակառակ դեպքում հանրության սեղաններին կշարունակի հայտնվել վտանգավոր արտադրանք, իսկ պետության անունից «կտրվեն»-ը նորից կդառնա ուշացած արձագանք, ոչ թե կանխարգելում։