Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սյունիքի մարզով անցնող ճանապարհի հարցը դեռևս Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում է, իրականում այն պանթուրքական ծրագրի մի մասն է կազմում: Նմանատիպ կարծիք է հայտնել իրանցի քաղաքական վերլուծաբան Պույա Հոսեյնին, գրում է Checheninfo.ru–ն: «Նույնիսկ երբ նրանք լռում են դրա մասին, նրանք միևնույն է մտածում են դրա իրականացման հնարավորությունների մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեն իրականացնել այն: Մենք՝ Իրանը և Հայաստանը, պետք է հասկանանք այս ամենը, և, համապատասխանաբար, պետք է պատրաստ լինենք դրան», - նշել է նա:
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այլ նաև թյուրքական աշխարհի ինտեգրման նոր գիծ Թուրքիայի միջոցով, Հոսեյնին ընդգծել է, որ այդ կերպ Էրդողանը շարունակում է համոզել Թեհրանին Սյունիքի միջով անցնող ճանապարհի հարցում՝ փորձելով Իրանի համաձայնությունը ստանալ այս նախագծի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, ըստ իրանցի վերլուծաբանի, նման նախագիծը Թեհրանի համար կարմիր գիծ է, որի մասին Իրանը բազմիցս է հայտարարել ամենաբարձր մակարդակով: Եվ, նրա կարծիքով, անհնար է համոզել Իրանին անցնել այդ գիծը։ «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք համաձայնության չենք գա Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ հարցում: Մինչ օրս մենք օգտագործել ենք տարբեր մեթոդներ, որպեսի արգելենք Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները պետք է հասնեն ռազմավարական մակարդակի, ինչը թույլ կտա մեզ համատեղ հակազդել ընդհանուր սպառնալիքներին», - եզրափակել է իրանցի վերլուծաբանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը