Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսի նոր շտամն արագ տարածվում է Եվրոպայում: «Նիմբուս»-ը, որը խիստ վարակիչ «Օմիկրոն»-ի տարատեսակ է, կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել հունիս և հուլիս ամիսներին՝ զբոսաշրջային սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ, զգուշացնում են մասնագետները, գրում է DW-ն:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալներով՝ շտամը Գերմանիայում հայտնվել է մարտի վերջին, իսկ մայիսի սկզբին այն կազմել է կորոնավիրուսի բոլոր դեպքերի 16.7 տոկոսը։ Այնուամենայնիվ, դեպքերի մակարդակը, ընդհանուր առմամբ, ցածր է և դեռևս մտահոգիչ չէ։
«Նիմբուս»-ի ախտանիշները բնորոշ են COVID-ին. հոգնածություն, ջերմություն, մկանային ցավեր և կոկորդի ուժեղ ցավ, գրում է The i Paper-ը։ Սակայն այս շտամն ավելի վարակիչ է և ավելի հեշտությամբ խուսափում է օրգանիզմի պաշտպանությունից, հրատարակությանը բացատրել է Ուորվիքի համալսարանի վիրուսաբան Լոուրենս Յանգը։
Միևնույն ժամանակ չկան ապացույցներ, որ «Նիմբուս»-ով վարակվածների մոտ հիվանդություն ավելի ծանր է ընթանում: Դրա դեմ առկա պատվաստանյութերը արդյունավետ են, նշել են մասնագետները: