«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ: Նա հայտարարել է, որ կաթողիկոսն ունի երեխա, ինչը, ըստ նրա, զրկում է նրան այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքից: Վարչապետը նաև կոչ է արել ընտրել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նոր առաջնորդ, որի «բարոյական կերպարը» նախապես կստուգվի: Բացի այդ, նա իրականում առաջարկել է վերանայել կաթողիկոսի ընտրության ընթացակարգը կառավարությանը տալով վերջնական խոսքն այդ գործընթացում, գրում է dw.com–ը: Նման խոսքերը բարձրացրել են հասարակական-քաղաքական վրդովմունքի ալիք և բերել բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների կտրուկ արձագանքին:
Վարչապետի մեղադրանքները վրդովմունք են առաջացրել ոչ միայն իրենց բովանդակության, այլ նաև աշխարհիկ պետության սկզբունքների խախտման պատճառով։ Սահմանադրության համաձայն Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես ազգային եկեղեցի, «ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում», և միևնույն ժամանակ պետությունն ու եկեղեցին անջատ են միմյանցից։ Գործադիր իշխանության կողմից ՀԱԵ-ի ներսում գործընթացներին ազդելու փորձերն ընկալվում են որպես այդ կառույցի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն։
Փաշինյանն իր հայտարարությունները համարում է հավատացյալների և հոգևոր մաքրության նկատմամբ մտահոգության դրսևորում, սակայն քննադատները դա համարում են քաղաքական ճնշման գործիք և անկախությունը պահպանած հեղինակավոր հաստատություններից մեկը ենթարկեցնելու փորձ։ Դա հատկապես զգացվում է վարչապետի վարկանիշի անկման և կառավարության նկատմամբ վստահության ընդհանուր անկման ֆոնին։ «Սա փորձ է զսպելու եկեղեցին՝ միակ հաստատությունը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից», - dw.com-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Միևնույն ժամանակ, այս գործողությունները շատերի կողմից մեկնաբանվում են որպես եկեղեցու վերջին տարիների հասարակական-քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածության արձագանք։ Հայ Առաքելական Եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ բացահայտորեն են արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը՝ երբեմն աջակցելով ընդդիմադիր շարժումներին և նույնիսկ պահանջելով գործող վարչապետի հրաժարականը։
Վերլուծաբանների կարծիքով, հակամարտությունն ավելի ու ավելի է բացահայտում ոչ միայն կառավարության և եկեղեցու միջև եղած անջրպետը, այլ նաև հակառակորդ կողմերի փորձերը հակամարտությունը տեղափոխել անձնական դաշտ։ Այսպես, եկեղեցու բարձր ժողովրդականության մասին լրագրողների մեկնաբանություններին ի պատասխան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ եկեղեցու նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակը չի նշանակում հոգևորականներին հանրության ավտոմատ աջակցություն։ Այդ տրամաբանությունն արձագանքն է նախորդ տարիների հռետորաբանությանը, երբ ընդդիմությունը և հոգևոր առաջնորդները Փաշինյանին բաժանեցին պետությունից։ Ներկայումս Փաշինյանն ինքն է կիրառում նմանատիպ մոտեցում հայտարարելով, իբր թե «պետությունը ժողովրդին վերադարձնելուց» հետո «եկեղեցին ժողովրդին վերադարձնելու» անհրաժեշտության մասին։
2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին «Կովկասյան բարոմետր»–ի անցկացրած ուսումնասիրության համաձայն հայերի մոտ 71 %-ը վստահություն է հայտնել եկեղեցու նկատմամբ, ինչը պետական հաստատությունների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ վստահությունը կազմել է մոտ 17 %։
Հայ վերլուծաբան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով կառավարության և եկեղեցու միջև հակամարտության ներկայիս սրացումը միայն ժամանակի հարց էր։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ իրականում գործել են որպես քաղաքական ընդդիմություն», - ասել է նա dw.com-ին տված հարցազրույցում նշելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները որպես ներկայիս հակամարտության սրման հիմնական գործոն։ «Նրանք սրում են քաղաքական պայքարը և մեծացնում լարվածությունը։ Քանի որ եկեղեցին այսօր Նիկոլ Փաշինյանի ակնհայտ քաղաքական հակառակորդն է, կանխատեսելի է, որ նա դա կընտրի որպես պայքարի թիրախներից մեկը։ Հատկապես հաշվի առնելով այն, որ հասարակության աչքում ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց առաջնորդներն այլևս որպես լուրջ հեղինակություն ունեցող կառույց նման սպառնալիք չեն ներկայացնում», - հավելել է փորձագետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև առճակատումը նոր չէ։ Դեռ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Գարեգին II կաթողիկոսը հրապարակավ կոչ արեց կառավարության ղեկավարին հրաժարական տալ մեղադրելով նրան ազգային քաղաքականությունը ձախողելու մեջ։ Բայց դա չէր սկիզբը: Պառակտման առաջին նշանները հայտնվել էին դեռ 2018 թվականին՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում Փաշինյանի թիմի իշխանության գալուց անմիջապես հետո։ Այն ժամանակ բողոքի շարժում սկսվեց նաև եկեղեցական միջավայրում, հոգևորականության որոշ ներկայացուցիչներ և նրանց կողմնակիցներ, որոնք քննադատում էին կաթողիկոսին, պահանջեցին նրա հեռացումը, առաջին անգամ հնչեցին եկեղեցական գույքի հարկման առաջարկներ։ Իսկ հակամարտության գագաթնակետը 2024 թվականին էր, երբ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ զանգվածային բողոքի ցույցերը։ Շատ հայերի համար ՀԱԵ-ն ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև դիմադրության խորհրդանիշ և պատմական հիշողության կրող։ Այդ համատեքստում եկեղեցու վրա ներկայիս հարձակումներն ընկալվում են ոչ թե որպես բարոյականության համար պայքար, այլ որպես, թեկուզ և ոչ ֆորմալ, քաղաքական մրցակցին վերացնելու փորձ։ Այսպիսով, Փաշինյանի և ՀԱԵ-ի միջև հակամարտությունը ոչ միայն կրոնական էթիկայի շուրջ վեճ է, այլ նաև խորհրդանիշների և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ վերահսկողության համար պայքար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը