Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր
ՖՈՏՈ
Այդ ըմպելիքը՝ ֆրանգելիկո լիկյորը, լավ հայտնի է քաղցրակերներին, քանի որ այն բավականին տարածված բաղադրիչ է բազմաթիվ աղանդերների մեջ, ընդ որում ոչ միայն կոկտեյլների, այլ նաև տորթերի, պաղպաղակի և սուֆլեի մեջ է օգտագործվում։ Երեք դարը շատ հարգված տարիք է նույնիսկ լիկյորի համար։ Հենց այդ տարիքն ունի կաթոլիկ վանականի ուրվագծերով, և մաշված պարանով գոտիավորված բնօրինակ շշերի այդ համեղ պարունակությունը։ Իհարկե, այդ ֆանտաստիկ համով ըմպելիքի ծննդյան ժամանակ նրա «մանկական հագուստը» բոլորովին այլ է եղել, բայց բաղադրատոմսը նույնն է, և մինչ օրս այն պահվում է խիստ գաղտնիության մեջ։ Տարիների ընթացքում բազմաթիվ մեդալներ և այլ պարգևներ են զարդարել վանականի համեստ գոտով ապակե այդ շիշը, բայց նրա համը տարիների ընթացքում որևէ էական փոփոխության չի ենթարկվել։
Ինչպես հավանաբար արդեն կռահեցիք, «Ֆրանգելիկոն» ծնվել է վանքում, կոնկրետ Պիեմոնտում։ Վանականները միշտ էլ հայտնի են եղել իրենց որկրամոլությամբ և ալկոհոլի հանդեպ կրքով։ Եվ, հետևաբար, նրանք են աշխարհին նվիրել հիանալի գինիների և լիկյորների զգալի քանակություն։ Այդ լիկյորն իր անունը ստացել է 17-րդ դարում Պիեմոնտում ապրած ծեր վանական Fra Angelico–ից, իհարկե ենթադրաբար։ Նրա անունն իտալերեն նշանակում է հրեշտակ–եղբայր։ Անհայտ է, թե արդյո՞ք նա էր այդ հին բաղադրատոմսի ստեղծողը, պատմությունն ինչ-որ կերպ մոռացել է դրա մասին։ Դե, իրականում դա այդքան էլ կարևոր չէ։ Ո՞րն է այս ըմպելիքի իրական հրեշտակային համը։ Հիմքը, իհարկե, սպիրտ է (Ֆրանգելիկոյի վերջնական թնդությունը 24 աստիճան է, ինչպես բոլոր հայտնի և սիրված լիկյորների մոտ): Հետո նրան տալիս են Tonda Gentile տեսակի տապակած ընկույզի համը։ Ալկոհոլը մանրացված տապակած ընկույզների հետ խառնելուց հետո կրկին թորվում է։ Ապա ավելացվում են մնացած բաղադրիչները։ Հավելանյութերի ամբողջական ցանկը հայտնի է միայն արտադրողին, բայց կարելի է վստահորեն ասել, որ Frangelico–ի համի ծաղկեփնջի ստեղծման մեջ ներգրավված են կակաո, վանիլ, վայրի հատապտուղներ, ցեյլոնական դարչին, դառը նուշ, նարնջի ծաղկի թերթիկներ, տարբեր խոտաբույսեր և շատ ավելին:
Խմիչքի մի փոքր բաժակը բավարար է բերանում դրա մեղմ, ընդգրկուն և շատ հարուստ համը պահպանելու համար։ Այն խմում են ոչ միայն տաք, թունդ սուրճի, այլ նաև սառույցի հետ։ Այդ լիկյորը նույնիսկ օգտագործվում է որպես ապերիտիվ։ Պետք է փորձել այն, թե ինչ է թաքնված վանականի աղքատիկ պարանով գոտևորված ապակու տակ, և արդյունքը կգերազանցի բոլոր սպասումները։
Կ. Խաչիկյան
