10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ Ճամբարակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2-րդ խումբը՝ կինոլոգներով:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի ներկայացուցիչները, տեղում է նաև Ճամբարակի քաղաքապետը:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի, վիրավորների և անհետ կորածների ինքնությունը, ինչպես նաև՝ որ բնակարանում է տեղի ունեցել պայթյունը և փլուզումը: