Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա: Նա հայտարարել է, որ որոշել է ստեղծել համակարգող խումբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու համար: Ավելի վաղ Փաշինյանը նրան մեղադրել էր կուսակրոնության երդումը խախտելու մեջ և ասել, որ Հայաստանում եկեղեցիները վերածվել են «չուլանների»: Վարչապետը կարծում է, որ պետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում՝ չնայած Հայաստանի Սահմանադրության և օրենքների համաձայն պետությունը չի կարող միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին:
Հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով Փաշինյանի հակաեկեղեցական խարդավանքները բացատրվում են նրա իշխանությունը կամ նույնիսկ կյանքը կորցնելու վախով:
- Փաշինյանը շատ կարևոր որոշումների նախաշեմին է, որոնք կարող են սպառնալ նույնիսկ նրա ֆիզիկական գոյությանը, - ասել է փորձագետը mk.ru-ին տված հարցազրույցում, - նա պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ, որին դեմ է հայ հասարակության զգալի մասը: Հայաստանում կազմակերպված ընդդիմություն չկա: Սակայն անցյալ տարի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ եկեղեցին մեծ ազդեցություն ունի երկրում և ունի որոշակի համախմբող հնարավորություններ։ 40-50 հազար մարդ դուրս եկավ արքեպիսկոպոս Բագրատի հանրահավաքներին։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կապված է այն փաստի հետ, որ եկեղեցին, ըստ էության, հասարակության մեջ մնացած միակ ինքնավար ինստիտուտն է, որն ունի իր սեփական ֆինանսական, կազմակերպչական և մոբիլիզացիոն հնարավորությունները և կարող է մեծ խնդիրներ ստեղծել վարչապետի համար։ Հետևաբար, նա փորձում է նախապես թուլացնել և, եթե հնարավոր է, ոչնչացնել այդ ինստիտուտը։ Ավելին, ինչպես ինձ ասել են թե՛ նա, թե՛ իր կինը պատկանում են ՀԱԵ-ի ներսում լավ կազմակերպված աղանդներից մեկին։ Եկեղեցին կարող է լուրջ վտանգ ներկայացնել Փաշինյանի համար, հատկապես 2026 թվականի ընտրությունների նախօրեին»։
- Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ կնքված խաղաղության պայմանագրում, որը Փաշինյանին կստիպի վախենալ իշխանությունը կորցնելուց։
- Վերջնական տեքստը դեռ ոչ ոք չի տեսել։ Հայտնի է, որ այնտեղ ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը որպես դրա մաս։ Բաքվի ամենահիմնարար պահանջն այն է, որ Հայաստանը վերաշարադրի իր Սահմանադրությունը, որտեղ նշված է, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է։ Այդ դրույթը Սահմանադրության մեջ ներառվել է դեռ 1990 թվականին։ Կա նաև Էրդողանի պահանջը ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, փակել «Արևմտյան Հայաստանի» թեման և մոռանալ ցեղասպանության մասին։ Բայց ես չգիտեմ, թե արդյո՞ք դա կներառվի համաձայնագրում, թե՞ Թուրքիայի հետ կկնքվի առանձին համաձայնագիր։
- Կկարողանա՞ Փաշինյանն իրականացնել իր ծրագրերը եկեղեցու վերաբերյալ։
- Ես այլևս ոչինչ հաստատ չեմ կարող ասել Հայաստանի մասին։ Ես այնտեղ եմ ծնվել և մեծացել, կարծում էի, որ ոչ ոք ինձանից լավ չի ճանաչում Հայաստանը։ Բայց ո՞վ կարող էր պատկերացնել, որ պատերազմը պարտված մարդը, որի մեղքով կորցվեց Ղարաբաղը, հսկայական թվով մարդիկ սպանվեցին, 120 հազար ղարաբաղցի հայեր ստիպված եղան լքել իրենց տները, իսկ մինչ այդ կային ևս 30 հազար փախստականներ, կկարողանա մնալ պետության գլխին։ Որ ժողովուրդը շարունակի հանդուրժել նման կառավարությանը։ Բայց, ավաղ։ Պարզվում է, ժողովուրդը շատ է վախեցած։ Փաշինյանը ստեղծել է իսկական ոստիկանական պետություն։ Նա շրջում է մի քանի հարյուր մարդուց բաղկացած անվտանգության աշխատակիցների հետ։ Նա վախենում է ամեն ինչից։ Բայց ժողովուրդն էլ է վախենում։ Երբ Պուտինը ցանկացավ դադարեցնել պատերազմը հոկտեմբերին, Փաշինյանը չհամաձայնվեց. «Այդ դեպքում մենք ստիպված կլինենք զիջել մի քանի շրջաններ, ինձ կմեղադրեն դավաճան լինելու մեջ»։ Նա շարունակեց պատերազմը և ստիպված եղավ զիջել ավելի շատը։ Եղան հսկայական կորուստներ, ժողովուրդը կորցրեց իր բազմաթիվ երեխաների, կոտրվեց ու վախեցավ։ Նա նաև անընդհատ շանտաժի է ենթարկում մարդկանց ասելով, որ եթե Հայաստանը զիջումների չգնա, կլինի նոր պատերազմ և նոր կորուստներ։ Վերջին ընտրություններում նա ասաց. «Եթե դուք ինձ չընտրեք, կլինի ևս մեկ պատերազմ»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը