«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ առաքելական եկեղեցու դեմ իր պայքարում Փաշինյանը բավականին լուրջ խնդիրների է հանդիպում անգամ սեփական կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, փաստացի հասկացել է, որ եկեղեցու դեմ իր արշավանքում ՔՊ-ին և իր ազդեցության շրջանակներին ամբողջությամբ չի կարողանում կոնսոլիդացնել։
Նույնիսկ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներն են գիտակցում, որ այն, ինչ անում է Փաշինյանն ամենօրյա ռեժիմով, չափից ավելի է և կարող է խնդիրներ հարուցել իրենց համար ապագայում։ Անգամ, եթե այդ քպականները հավատացյալներ չեն, նույնիսկ աղանդավորներ են կամ էլ տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հոգեբանորեն իրենց վախեցած են զգում։ Ուստի և Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ խնդիրների կարող է բախվել սեփական կուսակցության մեջ։
Մյուս կողմից, անգամ վարչության տարբեր անդամներ չեն ցանկանում թաթախվել այս կեղտոտ արշավում։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետն իր ազդեցության խմբով, իր ռեսուրսներով որևէ կերպ չի մասնակցում հակաեկեղեցական շարժմանը և փորձում են հնարավորինս խուսափել դրա վերաբերյալ կարծիքներ հայտնելուց։ Բավականին թույլ են աշխատում նաև այսպես կոչված գրպանային փորձագետները, հատուկենտ մարդիկ են, որոնք պաշտպանում են Փաշինյանի արշավը։
Պասիվ են նաև այն պատգամավորները, որոնք առանձնակի հույսեր չեն փայփայում, թե հաջորդ ընտրություններում լինելու են նախընտրական ցուցակում։ Ամեն դեպքում, «Քաղպայմանագրում» հասկանում են, որ արդեն 2026-ին, նույնիսկ լավագույն «ռասկլադով» իրենցից շատերը չեն հայտնվելու խորհրդարանում, գործող իշխանություններն էլ ցուցակներ են գրում, թե ով է ավելի ակտիվ պաշտպանում կուսակցության գիծը, ուստի շատերն արդեն հրաշալի գիտեն, որ իրենք շուտ շանս չունեն մանդատ ստանալ, ուստի և աշխատում են շատ չթաթախվել փաշինյանական նարատիվների տարածման գործում, որպեսզի հետագայում կարողանան ապահովագրել իրենք իրենց։ Ի դեպ, շատերին Փաշինյանն անձամբ գումար կամ գործադիրում պաշտոններ է առաջարկում, որպեսզի նրանք էլ մասնակցեն հակաեկեղեցական արշավին։
Ըստ էության, կարելի է փաստել, որ եկեղեցու դեմ պատերազմը դեռ չսկսած, Փաշինյանն արդեն իսկ պարտվել է, նույնիսկ սեփական կուսակցության ներսում։
Մարի Հակոբյան