Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակակից աշխարհում էներգառեսուրսները վաղուց այլևս միայն տնտեսական կամ տեխնոլոգիական կարևորություն չեն ներկայացնում։ Դրանք վերածվել են ռազմավարական գործիքի, որն ունի քաղաքական ճնշման, տնտեսական լծակների, դաշնակցային գծերի վերաձևման և նույնիսկ պատերազմների պատճառ դառնալու ներուժ։ Ավելին, ածխաջրածնային ռեսուրսները՝ մասնավորապես նավթն ու գազը, դարձել են ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Եվ այս համատեքստում պետությունների աշխարհաքաղաքական դիրքը հաճախ չափվում է ոչ այնքան նրանց տարածքով կամ դեմոգրաֆիկ կազմով, որքան նավթա-գազային ներուժով կամ դրանց մատակարարման ուղիների նկատմամբ վերահսկողությամբ։
Այդ պատճառով էլ էներգետիկ ռեսուրսների միջազգային բաշխվածությունը փոխում է ուժերի դասավորությունը ոչ միայն շուկաներում, այլ նաև դիվանագիտական հարթակներում։ Նավթի ու գազի պաշարները կենտրոնացած են որոշակի գոտիներում, սակայն դրանց սպառումը համատարած է՝ հատկապես զարգացած և զարգացող տնտեսություններում։ Արդյունքում, աշխարհի երկրներին կարելի է բաժանել երկու առանցքային խմբի։ Առաջին խմբում այն պետություններն են, որոնք ունեն ածխաջրածնային ռեսուրսների պաշարներ և վերահսկում են դրանց արտահանումը, իսկ երկրորդ խմբում են այն երկրները, որոնք չունեն նման ռեսուրսներ, բայց կախված են դրանց ներմուծումից, որը հաճախ իրենց համար կենսական նշանակություն ունի։
Այս բաժանումն իր հերթին ստեղծում է մատակարարման և պահանջարկի գլոբալ ցանց, որտեղ քաղաքական շահերն ու տնտեսական հավասարակշռությունները հաճախ հակասում են միմյանց։ Օրինակ՝ Եվրոպայի մի շարք երկրներ չունեն բավականաչափ տեղական էներգառեսուրսներ, ինչի հետևանքով նրանց կախվածությունը արտաքին մատակարարումներից դառնում է համատարած ու շարունակական։ Նման երկրները հիմնականում խաղադրույք են կատարում շուկայի կայունության, գների կանխատեսելիության, մատակարարման անխափանության ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նրանց համար գազատարի փակվելը կամ նավթի գների կտրուկ տատանումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև ազգային անվտանգության սպառնալիք։
Հենց այս պատճառով էլ էներգետիկ մատակարարման շղթաները դարձել են դիվանագիտական շահարկումների հիմնական հարթակներից մեկը։ Խոսքը միայն խողովակաշարերի մասին չէ, այլ նաև այն պայմանների, որոնք ապահովում են այդ խողովակաշարերի անվտանգությունն ու երկարաժամկետ շահագործումը։ Օրինակ՝ ռուսական «Գազպրոմի» մատակարարումներն Ուկրաինայի միջոցով եվրոպական շուկաներին, կամ ադրբեջանական գազի արտահանումը «Հարավային գազային միջանցքով»՝ վրացական ու թուրքական տարածքով դեպի ԵՄ, ոչ միայն տնտեսական, այլ ռազմավարական համակարգեր են։ Հենց այդ պատճառով էլ գազամատակարարումները չեն դիտվում զուտ առևտրային փոխանակման գործընթաց, այլ դրանք վերածվել են աշխարհաքաղաքական լծակների, որոնց միջոցով հնարավոր է պարտադրել քաղաքական դիրքորոշումներ, թուլացնել մրցակիցներին կամ ստեղծել միմյանցից կախվածություն։ Այս մոդելն է, որ դասական կերպով օգտագործվել է անցյալում և կրկնվում է նաև այսօր։
Սակայն միջազգային հարթակում գործում են այնպիսի դերակատարներ, որոնք հմտորեն օգտագործում են իրենց էներգետիկ պաշարները ոչ միայն որպես տնտեսական խաղաքարտ, այլ որպես բռնապետական ռեժիմների գոյատևման և ազդեցության ապահովման միջոց։ Խորհրդանշական դարձած օրինակը վերաբերում է Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակաշրջանին, երբ Իրաքը փորձում էր նավթը դարձնել ուժի գործոն ոչ միայն իր հարևանների, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ։ Սադդամը գիտակցում էր, որ իր նավթը կարևոր է Արևմուտքի համար, և այդ գիտակցությունը հաճախ վերածում էր քաղաքական ու ռազմական արկածախնդրության։ Նրա՝ Քուվեյթ ներխուժումը 1990 թվականին միանգամայն կապված էր նավթի վրա վերահսկողություն հաստատելու և տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու փորձի հետ։ Արդյունքում, միջազգային հանրությունը ստիպված եղավ միջամտել ռազմական ուժով, ինչն էլ ցույց տվեց, որ նավթը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանների ապակայունացման։
Բռնապետական ռեժիմների կողմից նավթի ու գազի պաշարների՝ որպես հենարան օգտագործելու ամենաթարմ օրինակներից է Ադրբեջանը։ Ալիևյան ռեժիմը արդեն երկար տարիներ նավթից և գազից ստացվող եկամուտները օգտագործում է ոչ միայն սեփական իշխանության պահպանման և արտաքին աշխարհում լեգիտիմացման նպատակներով, այլև իր ագրեսիվ օրակարգն առաջ մղելու համար։ Իսկ եվրոպական համայնքը, որն իրեն հռչակել է որպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության փարոս, այսօր աչք է փակում Ադրբեջանի կոռուպցիայի, բռնաճնշումների, քաղաքական բանտարկյալների և Արցախում իրագործված էթնիկ զտումների վրա՝ գլխավորապես այն պատճառով, որ Բաքուն եվրոպական մի շարք երկրների մատակարարում է էներգառեսուրսներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում