Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 11 և մի քանի շենքերի բակում, ըստ բնակիչների, մոտ 5 տարուց ավելի է՝ դիտահորից թափվող կեղտաջուրը հակասանիտարական վիճակ է ստեղծում բնակիչների համար:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են.
«5-6 տարի է՝ այս խնդիրը կա, 5-6 տարի է՝ դիմում ենք մի քանի պատկան կառույցներին, սակայն վերջնական խնդիրը չի կարգավորվում:
Մենք գիտենք, որ այն պետք է անի «Վեոլիա ջուր»-ը, սակայն այնտեղից արդեն հրաժարվում են նույնիսկ մեր հեռախոսազանգերին պատասխանել, իսկ եթե պատասխանում են, ապա նույն բառերով՝ «Խնդի մասին տեղյակ ենք, ձեր հայտը գրանված է, կմոտենանք» սակայն վայ էն մոտենալուն, կարծես թե խռոված սիրահար զույգ լինեն՝ չեն մոտենում:
Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի վերջապես հիմնովին խնդիրը լուծի, հակառակ դեպքում տարիներն անցնում են, իսկ կեղտաջուրը ավելի մեծ տարածքներ է «գրավում»:
Գրիբոյեդով 11 շենքից հասնում է մինչև Կոմիտասի պողոտա, Արամ խաչատրյան փողոց:
Հիմա գոնե «Վեոլիա ջուր»-ը բարի կամք դրսևորի ու իրոք կարգավորի իրենց համար իբրև թե չլուծվող հարցը:
Ոչ մի բնակիչ «Վեոլիա ջրին» ոչ մի լումա պարտք չէ, կանոնավոր վճարումները կատարում ենք, փոխարենը՝ 0 սպասարկում»: