Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա Հ․ Ղ․-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ․ Հ․-ի կրծքավանդակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում տուժածը «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ ոստիկանների ու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Հ․ Ղ․-ն հունիսի 14-ին վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։