Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետո
ՎԻԴԵՈ
Ներկայում մեծ տարածում գտած Labubu խաղալիքների չինական արտադրող Pop Mart ընկերության արժեթղթերի գինը կտրուկ նվազել է շուրջ 9 տոկոսով, ինչի հետևանքով ընկերությունը կորցրել է գրեթե 4 միլիարդ դոլար. պատճառը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր թերթի («Ժողովրդական օրաթերթ») քննադատական հոդվածն է:
Ինչպես նշում է South China Morning Post-ը (SCMP), հոդվածում, թեև ընկերության անունն ուղղակիորեն չի նշվում, սակայն քննադատվում է Pop Mart-ի բիզնես մոդելը՝ այն է՝ հավաքածուի համար նախատեսված փափուկ տիկնիկները փաթեթավորել «խորհրդավոր տուփերի» մեջ, որպեսզի գնորդը նախապես չիմանա, թե որ մոդելն է դուրս գալու: Դա, ըստ թերթի, գնորդներին դրդում է ավելի շատ տիկնիկներ գնել՝ ամենահազվագյուտ խաղալիքները գտնելու և իրենց հավաքածուն ընդլայնելու համար: Սակայն իրականում Labubu-ի իսկապես հազվագյուտ և արժեքավոր մոդել գտնելու հավանականությունը երկու տոկոսից պակաս է, գրված է հոդվածում։
South China Morning Post-ը եզրակացրել է, որ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի թերթում հրապարակված հոդվածն արտացոլում է չինական իշխանությունների տեսակետը, և Pop Mart-ի արժեթղթերի գները սկսել են անկում ապրել։