Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով Հայ առաքելական եկեղեցուն սատար կանգնելու համար ձերբակալվեց ու կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, վերջինիս անունից տարածվեց հայտարարություն, որում մասնավորաբար նված է. «Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող շեղել, միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ առաքելական եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայելու Հայրենիքիս և հայության կյանքը բարելավելու համար: Մեր հաղթանակին այլընտրանք չկա»։
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ քպականներն ահաբեկված են Հայ Առաքելական եկեղեցու ազդեցությունից և բարձր վարկանիշից ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ Փաշինյանը պայքարում է Կաթողիկոսի դեմ՝ այդ կերպ սպասարկելով աղանդավորականների և թուրքադրբեջանական տանդեմի շահերը։
«Մայր Աթոռը հստակ մեսիջ է հղել՝ պաշտպանելով Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ աջակցել է Հայ առաքելական եկեղեցուն և Արցախին։ Ալիևի ու Էրդողանի դաշնակից Փաշինյանը չի կարողանում ներել Կարապետյանին՝ Եկեղեցու կողքը կանգնելու և Արցախի շահերը պաշտպանելու համար»,- գրում է ալիքը՝ մեջբերելով հատված Մայր Աթոռի հայտարարությունից. «Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից»։
Հեղինակները նշում են, որ ՀՀ-ում 2018 թվականին դե-ֆակտո իշխանության է բերվել հակառուսական, հակաարցախյան և հակաեկեղեցական խումբ՝ ի դեմս քպական խմբակի, որը հանձնեց Արցախը, կազմաքանդում է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, պայքարում է Մայր Աթոռի դեմ և Հայաստանը փորձում է տանել դեպի Արևմուտք, իսկ իրականում՝ դեպի Մեծ Թուրան։
«Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կարող է թրիգեր լինել՝ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների համար։ Կարապետյանն ունի ֆինանսական մեծ հնարավորություններ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր է բացել ՀՀ-ում, և Փաշինյանն ու թիմը զգուշանում են, որ նա կարող է մեծ ցույցեր գեներացնել և Հայաստանում հասնել իշխանափոխության։ Կարապետյանի շուրջ կարող են համախմբվել ընդդիմությունն ու Հայ առաքելական եկեղեցին, ՌԴ-ի հայ գործարարները, ՌԴ-ի հայ համայնքը, ինչը կարող է հանգեցնել Փաշինյանի հեռացմանը»,-գրում են հեղինակները։
«Դատարանի որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ՝ հաղթական»,- դատարանի որոշումից հետո հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Նա նշեց, որ մարդիկ այս անգամ սխալ հաշվարկ են արել. «Ոնց որ՝ չի կպնելու»։
«Բոլորիս մաղթում եմ հետևողական, ճիշտ պայքար, որ Հայաստանում ոչ մեկին չուզեն, չկարողանան առանց պատճառի կալանավորել, առանց պատճառի ուզեն զսպել իր հայացքների համար»,- ասաց նա։
Ըստ «Հանրապետության հրապարակի», Կարապետյանի թիմը մեսիջներ է հղում, որ նրանք մտնում են քաղաքականության մեջ, սակայն ոչ իրենց կամքով, այլ Փաշինյանի և թիմի հակահայ և հակաեկեղեցական քայլերի արդյունքում: «Փաշինյանն ամեն ինչ անելու է 2026 թվականին վերարտադրվելու համար. նա հարվածում է բոլոր այն ինստիտուտներին և անհատներին, որոնք կարող են իրական մրցակից դառնալ նրան 2026 թվականին»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ, այսպիսով, ՀՀ ներքաղաքական պայքարը թեժանում է. Սամվել Կարապետյանի կալանավորումը նոր ստատուս-քվո կառաջացնի ներքաղաքական կյանքում և ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են համախմբվել նրա շուրջ՝ Փաշինյանի ադրբեջանամետ վարչախմբից ՀՀ-ն ազատագրելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում