Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանի ղեկավարությունը խղճի և կրոնի ազատության իրավունքի միջազգային հիմնարար սկզբունքները կասկածի տակ է դնում, Ria.ru–ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության, հասարակական և կրոնական միավորումների զարգացման հանձնաժողովի ղեկավար Յանա Լանտրատովան («Արդար Ռուսաստան - ճշմարտության համար»):
Ավելի վաղ ռուս գործարար և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) աջակցելու մասին՝ Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին: Դա դժգոհություն էր առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ով Ֆեյսբուքում մի քանի գրառումներ էր արել` վիրավորելով եկեղեցու հոգևորականներին և բարերարներին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը Ria.ru–ին ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է այդ ամենին և կտրամադրի անհրաժեշտ օգնություն:
«Անկասկած, հիմնական սկզբունքները՝ խղճի ազատության իրավունքը, կրոնի ազատության և պետության կողմից կրոնական կազմակերպությունների ներքին կանոնակարգերի նկատմամբ հարգանքի միջազգային սկզբունքները, ակնհայտորեն կասկածի տակ են դրվում Հայաստանի ղեկավարության կողմից», - ասել է Լանտրատովան:
Պետդումայի հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, ի թիվս այլ եկեղեցիների, Ռուսաստանում ավանդական կրոնական կազմակերպություն է: Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ողջ ուժով այդ եկեղեցին պաշտպանվում է, այն Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների պատմական ժառանգության անբաժանելի մասն է, այս դեպքում հայ ժողովրդի, որը նաև Ռուսաստանի Դաշնության ժողովուրդներից մեկն է: Լանտրատովան ընդգծել է, որ որոշակի լարվածությամբ և մեծացված ուշադրությամբ է հետևում ՀԱԵ-ի և Հայաստանի կառավարության շուրջ ծավալվող իրավիճակին: «Սա, իհարկե, մեզ մոտ մտահոգություններ է առաջացնում, քանի որ կարող են իրականացվել որոշ գործողություններ եկեղեցու դեմ, առաջին հերթին եկեղեցական հիերարխիայի դեմ, որոնք, իրենց հերթին, լեգիտիմ են, ընտրվել են այդ եկեղեցու կանոններին, ներքին կանոնակարգին համապատասխան, և նրանց լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում եկեղեցու ներսում», - եզրափակել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախկինում Ֆեյսբուքում վիրավորական գրառումներ էր արել Հայ Առաքելական Եկեղեցու մասին: Անպարկեշտ լեզու օգտագործելով նա դժգոհություն էր հայտնել ՀԱԵ-ի հոգևորականներից: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նույնպես միացել են եկեղեցու դեմ արշավին: Ավելի ուշ վարչապետը առաջարկել էր փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը և դրանում ամրագրել «ՀՀ վճռորոշ դերը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը