Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի որևէ աճ չի արձանագրել։
«Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի վրա հարձակումների կապակցությամբ, ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ այս պահին օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի եղել։ ԱԷՄԳ-ն կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալուն պես», - ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:
«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։
«Սա պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։
«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր: