«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստամբուլ, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է EAdaily.com–ը։ Դա ՀՀ ղեկավարի առաջին նման այցն էր Թուրքիա այդ երկրի նախագահի հետ երկկողմ հանդիպման համար։ Փաշինյանն արդեն Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար այցելել էր Թուրքիա 2023 թվականին, որի հետ Երևանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Նախորդ օրը Թուրքիայում Էրդողանի հետ հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես այս կապակցությամբ նշում է «Երկրի քաղաքականություն» Telegram ալիքը, Փաշինյանը ժամանել է «պատմական» հանդիպման։ Երևանի և Անկարայի միջև հարաբերություններն ավանդաբար չափազանց լարված են։ Այդ թվում ծանր պատմական իրադարձությունների պատճառով։ Հայաստանը մեղադրում է Թուրքիային Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ։ Թուրքերը հերքում են այդ մեղադրանքները և հայերի զանգվածային սպանությունները չեն համարում ցեղասպանություն։ Ադրբեջանի հետ Ղարաբաղի շուրջ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանն ընտրել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղին, սակայն Թուրքիան այս գործընթացը կապում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, որը դեռևս փակուղու մեջ է։ «Թուրքիայի հետ մերձեցումը հնարավոր դարձավ Հայաստանի կողմից լայնածավալ զիջումներից հետո։ Երևանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, գործնականում հանեց հայոց ցեղասպանության թեման օրակարգից (ըստ Փաշինյանի ցեղասպանության ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չէ) և հրաժարվեց տարածքային պահանջներից։ Փաշինյանը նույնիսկ հրաժարվեց Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ օգտագործելուց, քանի որ այդ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Եվ նա ճանաչեց Պաղեստինը որպես անկախ պետություն Էրդողանի խնդրանքով։ Այժմ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ հաշտեցումը կօգնի առաջ մղել «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Սև ծովի և Պարսից ծոցի, Կասպից և Մարմարա ծովերի միջև ենթակառուցվածքային միջանցք է», - գրել է Telegram ալիքի հեղինակը։
Այնուամենայնիվ, Անկարան դեռևս սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը որպես կարգավորման պայման։ Երևանն, իր հերթին, փորձում է այդ երկու գործընթացները միմյանցից անջատել։ Ենթադրվում է, որ հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է նման սցենարի։ «Բաքվի պահանջը՝ փոխել ՀՀ սահմանադրությունը և հեռացնել Ղարաբաղի հետ վերամիավորման մասին հիշատակումը, խոչընդոտում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Փաշինյանը դեմ է դրան։ Միաժամանակ, ՀՀ իշխանությունները սկսել են նախապատրաստվել հիմնական օրենքի այլ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի։ Շատ փորձագետներ կարծում են, որ այս կերպ Երևանը կարող է «միաժամանակ» կատարել Բաքվի պահանջը (չնայած ՀՀ իշխանությունները մերժում են հարցի նման ձևակերպումը)։ Միաժամանակ, Ադրբեջանին և Թուրքիային նման զիջումները մեծ դժգոհություն են առաջացնում հայ հասարակության մեջ, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու մոտ։ Ի պատասխան Փաշինյանը հարձակում է սկսել եկեղեցու վրա ձգտելով փոխել նրա ղեկավարությանը։ Վերջերս էլ ՀԱԵ-ի ամենամեծ բարերար, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանն է ձերբակալվել իշխանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքով։ Փաշինյանը նաև պարբերաբար մեղադրում է ընդդիմությանը Ռուսաստանի Դաշնության հետ կապեր ունենալու մեջ», - նշել է «Երկրի քաղաքականություն» Telegram ալիքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը