Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 25-ին և 26-ին Երկրի մագնիսական դաշտում սպասվում են զգալի խաթարումներ՝ մագնիսական փոթորիկների տեսքով։ Այս մասին նախազգուշացրել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերքի հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։ Փոթորիկների աղբյուրը Արեգակի մեծ կորոնային խոռոչն է, որը ներկայում ազդում է Երկրի վրա։
Գիտնականների գնահատմամբ՝ արեգակնային քամիների արագությունը կարող է հասնել մինչև 600 կմ/վրկ՝ գերազանցելով նորմալ մակարդակը շուրջ 50 տոկոսով։ Ամենաուժեղ մագնիսական խանգարումները սպասվում են հունիսի 25-ի կեսօրին։ Մասնագետները կանխատեսում են միջին ուժգնության՝ G2 մակարդակի փոթորիկներ, սակայն բացառված չէ, որ դրանք ի վերջո թույլ արտահայտված լինեն։
Ավելի վաղ ՌԴ երկրամագնիսության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի ավագ գիտաշխատող Նատալյա Շլիկը հայտնել էր, որ մագնիսական փոթորիկների ակտիվ փուլը կարող է սկսվել արդեն հունիսի 24-ին։