Հայաստանում այս ամենը ծաղր են համարում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ng.ru–ն «Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ իշխանությունները պնդում են, թե բացահայտել են հեղաշրջման փորձ։ Նրանց խոսքով, դավադիրների թվում են եղել օլիգարխներ, պատգամավորներ, լրագրողներ և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Նրանք իբր պլանավորել էին օգոստոսին մոտ 4000 զինյալ դուրս բերել Երևանի փողոցներ, իսկ սեպտեմբերին տապալել կառավարությունը։
Երևանում ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոսը, ով մեկ տարուց ավելի է՝ կոչ է անում տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով Հակաքրիստոս։ Հայ իրավապահ մարմինները հրապարակել են մի քանի ձայնագրություններ, որոնցում, ըստ անվտանգության աշխատակիցների, այդ քահանան խոսում է իշխանությունը զավթելու ծրագրի մասին։
«Ոչ մի գործողություն, ոչ մի կալանք չի կարողանա մեզ մոլորեցնել։ Չարի՛ք, լավ լսիր։ Ինչ էլ սարքելու լինես, ինչ էլ ուզում ես անես, քեզ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի՛ր, կգանք», - ասել էր Բագրատ արքեպիսկոպոսը նախքան ոստիկանական մեքենա նստելը։
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Բագրատ Գալստանյանի և նրա «Սրբազան պայքար» շարժման անդամների դեմ՝ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու հոդվածով։ Արքեպիսկոպոսից բացի, անվտանգության մարմինները ձերբակալել են Դաշնակցության առաջնորդներից մեկին՝ Իգոր Սարգսյանին, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը՝ «Պարա» հեռուստաալիքի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին, գործարար Տիգրան Գալստյանին և ուրիշների։
Հատկանշական է այն, որ հատուկ գործողության նախօրեին Հայաստանի կառավարությանը հավատարիմ civic կայքն էր հրապարակել հանրապետությունում «պետական հեղաշրջման ծրագիրը»։ Ըստ լրատվամիջոցի, լրագրողներն այն ստացել են ընդդիմության իրենց աղբյուրներից։ Երկրի շատ բնակիչներ այս ամենը համարել են ծաղր, քանի որ փաստաթղթում նշված քաղաքական ուժերի աջակցության վարկանիշը, եթե ոչ վիճակագրական սխալի մակարդակում է, ապա դրան մոտ է։ Բացի դա, նախ՝ անհայտ է, թե ո՞վ է դավադրության հեղինակը, և երկրորդ՝ դավադրության միտքը երևում է ընդամենը մի քանի դրվագներից։ Մյուս կողմից՝ անհայտ «դավադիրը» նախ և առաջ պատրաստվում էր հաշտեցնել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որպեսզի համախմբի ընդդիմությանը։ Դրանից հետո նա ցանկանում էր միասնական շտաբում ներգրավել Փաշինյանի կառավարումից դժգոհ օլիգարխներին։ Նրանք պետք է բողոքի ցույցերի ժամանակ ապահովեին մարդկանց ամբոխներ։ Այդ «գորշ կարդինալը» Հայ առաքելական եկեղեցուն նշանակել էր ընդդիմադիր քարոզչության խոսափող, իսկ Բագրատը պետք է դառնար ապստամբության առաջամարտիկը։
Այնուամենայնիվ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» շատ լուրջ է ընդունել իր իսկ կայքի հրապարակումը։ Գլխավոր դատախազությունը ևս հետաքրքրություն է ցուցաբերել այդ «դավադրության ծրագրի» նկատմամբ։ Ավելին, Փաշինյանի կողմնակիցները միաձայն նշում են, որ իրենց հարձակումները Եկեղեցու վրա, որոնք սկսվել են մայիսի վերջից, ըստ երևույթին, կապված են հենց այդ պատմության հետ, այսինքն՝ պետության ղեկավարը, եթե անգամ չգիտեր սպասվող դավադրության մասին, բայց, անկասկած, կանխազգացել է դա։
«Կա երկու պահ։ Առաջին, անվտանգության ուժերի կողմից հրապարակված ձայնագրությունները իրական են թվում, բայց դրանք կարճ են և կարող են լինել համատեքստից հանված արտահայտություններ։ Երկրորդ՝ իշխանությունը զավթելու ծրագիրը կեղծ է թվում։ Հնարավոր է, որ իշխանությունները պարզել են, որ Բագրատը ինչ-որ բան է մտածում, և որոշել են ապահովագրվել։ Ընդհանուր առմամբ, նորմալ է, որ հեղափոխական ալիքով իշխանության եկած քաղաքական գործիչները ապահովագրվեն տապալման դեպքում», - ng.ru-ին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Միևնույն ժամանակ, նրա տեսանկյունից, չի կարելի բացառել, որ օլիգարխ Սամվել Կարապետյանը, ով մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ, կներգրավվի նաև Բագրատի գործում։ Ի դեպ, միլիարդատերը արդեն իսկ խոստացել է իրավաբանական օգնություն ցուցաբերել «Սրբազան պայքարի» անդամներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում