Վթար Արագածոտնում․ 4 հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «VAZ 2104» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգի տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի և սննդի կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածքների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «04»-ը հայնտվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan X-Trail»-ը բախվել է քարե պարսպին, կոտրել այն, ապա բախվել ծառին: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի պարեկներ Նվարդ Ղանդիլյանն ու Արամ Ավագյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանը: Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: