Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին
ՍՊՈՐՏ
Աշխարհի 19-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հարլինգհեմում (Մեծ Բրիտանիա) անցկացված Giorgio Armani Tennis Classic-ի ցուցադրական խաղում հաղթեց «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին։
Խաղը տևեց 1 ժամ 25 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով՝ 7:6 (7:4), 6:4 հաշվով։
Սա Խաչանովի երկրորդ հաղթանակն է Ջոկովիչի նկատմամբ, թեև ոչ պաշտոնական։ Առաջին անգամ Խաչանովը Ջոկովիչին հաղթել էր 2018 թվականին՝ Փարիզի Մասթերսի եզրափակիչում՝ 7:5, 6:4 հաշվով։
Այժմ ընդհանուր դիմակայությունում Ջոկովիչը դեռ պահպանում է 11:2 առավելություն:
Երկու թենիսիստներն էլ պատրաստվում են Ուիմբլդոնի մրցաշարին, որը կմեկնարկի երկուշաբթի՝ հունիսի 30-ին։
Խաչանովը առաջին շրջանում կհանդիպի ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի, իսկ Ջոկովիչը՝ ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերի հետ։