Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում. Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում և՛ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և՛ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև օրվա թնջուկի կենտրոնում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության՝ Մայր Աթոռի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին և նրա սատարման դիրքերից հանդես եկողներին: Ավելին՝ սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն առաջին պլան է բերվում մյուսներին ազդանշան ուղարկելու առ այն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնի:
Իշխանությունը փորձում է երկիրը, հազարամյակներով ստեղծվածն ու երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները` Մայր Աթոռից մինչև ազգային արժեքներ, զրոյացնել ու ճանապարհ բացել փլատակների վրա հավերժ իշխելու իր գաղափարների համար»,-ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս ճանապարհին իշխանությունը շարժվում է այնպես, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ հասարակության ներսում թշնամություն սերմանում, ներհասարակական բևեռացման խորացում, որտեղ բոլորը բոլորի դեմ են գործում:
«Իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ՝ որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին, այսպես կոչված, ցանկացած խոչընդոտ՝ քաղաքական ընդդիմախոսությունից մինչև հանրային բողոքի ցանկացած դրսևորում, բոլոր միջոցներով ճնշվելու է: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին ամենաշատը խոսող կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության, որտեղ մարդկանց առաջարկվում է կա՛մ ենթարկվել իշխանության գծած խաղի կանոններին կա՛մ ազատազրկվել կա՛մ պարզապես թողնել երկիրն ու հեռանալ»,-հայտարարեց Աբրահամյանը։