ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) և շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցներ սահմանելու անհրաժեշտությամբ:
 
Զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարևորագույն նախադրյալ: Այդ նպատակով կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը, որի շրջանակներում նշված օրենքում 2024 թ.-ի փետրվարի 29-ի ՀO-90-Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում սահմանվել են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևել յան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի և բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը և ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:
 
Զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը և կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաև Զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև այդ պաշտոնների վարձատրության գործակիցները՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի և կորպուսի (վարչության) սերժանտի պաշտոնները նախատեսելով որպես «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոններ՝ համապատասխանաբար 9/9 և 9/8 խմբերի պաշտոնային դասակարգումով, իսկ շտաբի սերժանտի պաշտոնը՝ որպես «ավագ» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոն՝ 7/4 խմբի պաշտոնային դասակարգումով:
 
Նախագծի ընդունման պարագայում տարեկան անհրաժեշտ կլինի մոտ 404 մլն դրամ՝ համապատասխան պաշտոնների գործակիցների, դրանց համար կառավարության 2014թ.-ի N 712-Ն որոշմամբ սահմանված հավելումների և կառավարության 2023 թ.-ի N 166-Ն որոշմամբ սահմանված հավելավճարների նախատեսման շրջանակներում, որն իրականացվելու է պաշտպանության նախարարությանն աշխատավարձի ուղղությամբ հատկացված ընդհանուր միջոցների հաշվին, և պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացում չի նախատեսվում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular