ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկիրն ափսոս չէ. Փաշինյանը Հայաստանը վերածում է հակառուսական ցատկահարթակի» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շուտով կարող է անցնել միանգամից երկու անվերադարձելիության կետերը, որից հետո երկիրն այլևս չի ունենա սուբյեկտիվություն կամ նույնիսկ պետականություն։ Ավելին, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ հատվել է առաջին կետը: Խոսքը ՀԱՊԿ-ին անդամակցության մասին է, որին Երևանը մտադիր չէ վերադառնալ։ Իրականում, իհարկե, դեռ ամեն ինչ խզված չէ։ Բայց դա միայն այն պատճառով է, որ Փաշինյանը ցանկանում է ճիշտ կատարել վերջին քայլը:

«Փաստորեն, ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կայացված է։ Միակ հարցն այն է, թե ինչպե՞ս կարելի է դա ֆորմալացնել»,- regnum.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Ըստ նրա Երևանը ցանկանում է, որ այդ ամենի արձանագրումը լինի ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ձեռքերով ու կամքով։ «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են դրա համար։ Մասնավորապես, նրանք հրաժարվում են վճարներ վճարել կազմակերպությանը»,- շարունակել է զրուցակիցը։

Ի վերջո, եթե Հայաստանը հեռացվի կազմակերպությունից, ապա դրա հետևանքները (օրինակ Ադրբեջանի հարձակումը) կարելի է բարդել ռուսների վրա։ Իսկ, եթե Երևանն ինքը հեռանա, ապա ինքը պետք է պատասխան տա ամեն ինչի համար։ Իհարկե, Փաշինյանն ու իր համախոհները վստահեցնում են, որ ոչ ոք չի հարձակվելու, ի վերջո, ՀԱՊԿ-ից հեռանում են ոչ թե ոչ մի տեղ, այլ Արևմուտք, որն անպայման պաշտպանելու է։ «Ցանկության դեպքում ԱՄՆ-ը և Ֆրանսիան կարող են բավականին լուրջ օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Գոնե Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրել»,- կարծում է Խալաթյանը։ Հիմա Երևանը համապատասխան բանակցություններ է վարում Արևմուտքի հետ, որի վերջին փուլը կայացել է Փարիզում, որտեղ Հայաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

Բայց արդյո՞ք Արևմուտքն իսկապես կպաշտպանի Հայաստանին: Անվտանգության ենթակառուցվածք է ստեղծվում, մասնավորապես հայկական հրետանին արդեն անցնում է ՆԱՏՕ-ի 155 միլիմետրանոց ստանդարտին, նմանատիպ համակարգեր են ներկայումս գնում Ֆրանսիայում և Հնդկաստանում, նշել է Հայկ Խալաթյանը։

Երկիրը նաև «հոգեբանական» հիմքեր է ստեղծում դեպի Արևմուտք շրջադարձի համար։ Հասարակության մեջ ակտիվորեն ներմուծվում է այն միտքը, որ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ապարդյուն է և ոչինչ չի տալիս։ Միաժամանակ հակառուսական աժիոտաժն ուժեղացել է Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին։ Ասում են, որ Բաշար ալ-Ասադի տապալումը, էթնիկ զտումները Ղարաբաղում և 2021-2022 թվականներին միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա հարձակումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել իր դաշնակիցներին։

Միևնույն ժամանակ, քաղաքականապես Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունն ինտեգրվելու ԵՄ-ին այնքան խորը, որքան դա հնարավոր է։ «ՀԱՊԿ-ից դուրս գալը կհանգեցնի Արևմուտքի հետ համագործակցության ակտիվացմանը։ Այո, ոչ ոք անմիջապես չի խոսի ՆԱՏՕ-ին մասնակցելու հայտի մասին ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի պատճառով։ Սակայն, ընդհանուր առմամբ, շարժումն այդ ուղղությամբ է լինելու»,- կանխատեսել է Խալաթյանը։

Կարծես թե Շվեդիայի օրինակը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի մաս լինելու համար պարտադիր չէ դաշինքին միանալ, պարզապես կարելի է համագործակցել։ Այնուամենայնիվ, կա մեկ «բայց», առանց անդամակցության անվտանգության երաշխիքներ չկան։ Շվեդիային դրանք պետք էլ չեն, ոչ ոք չէր պատրաստվում հարձակվել նրա վրա: Ուստի ՆԱՏՕ-ն ու Շվեդիան ստացան իրենց ուզածը, բայց հարաբերությունները ֆորմալացրին միայն այն ժամանակ, երբ առաջացավ քաղաքական անհրաժեշտություն (պատերազմը Ուկրաինայում)։ Բայց Հայաստանին այդ երաշխիքները խիստ անհրաժեշտ են։ Եվ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպաներ հայկական ազգային շահերը, ապա կպահանջեր, որ այդ երաշխիքները ձևակերպվեն ՀԱՊԿ-ից դուրս գալու պահին։ Եվ Արևմուտքը, թերևս, կգնար զիջումների, չէ՞ որ հիմա, օբյեկտիվորեն, եկել է այն պահը, երբ Հայաստանը կարելի է «թանկ» վաճառել։

Սիրիայում Իրանի պարտությունը լուրջ հարված հասցրեց Իսլամական Հանրապետության իմիջին: Իրանի կողմից վերահսկվող խմբերի ստեղծած «դիմադրության առանցքը» խիստ թուլացել է։ Երկրի ազդեցության ոլորտը կտրուկ նվազել է, ինչը Ռահբար Ալի Խամենեիի հեռանալուց հետո սպասվող տուրբուլենտությունների հետ մեկտեղ կարող է ներքին լուրջ անկայունության պատճառ դառնալ, անգամ հեղաշրջման փորձեր լինեն։ Եվ այս իրավիճակում ԱՄՆ-ին պետք է ստանալ հենակետ Թեհրանից հինգ հարյուր կիլոմետր հեռավորության վրա և հենց իրանական Ադրբեջանի սահմանների մոտ, մի տարածաշրջանում, որտեղ ուժեղ է էթնիկ անջատողականությունը։ Ավելին, այդ հենակետը պետք է լինի բացառիկ, այն չպետք է լինի թուրքերի ու իսրայելցիների (որը բացառում է Ադրբեջանին) հետ համատեղ կամ ազգային կողմնորոշում ունեցող իշխանությունների կարծիքի հետ հաշվի նստելով (սա բացառում է Վրաստանը):

Մնում է Հայաստանը։

Սակայն Արևմուտքի իրավիճակային շահը չի նշանակում, որ նա պատրաստ է հրաժարվել իր ռազմավարական նպատակներից։ Նրա համար Հայաստանը ոչ թե դաշնակից է, այլ ցատկահարթակ։ Հանուն ինչի ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչ էլ ասեն, չեն պատրաստվում փչացնել հարաբերություններն Անկարայի հետ։ Փաստն այն է, որ Արևմուտքն ակտիվորեն է աջակցում Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։ «Արևմուտքը կարծում է, որ դա հանգեցնում է տարածաշրջանից ԱՄՆ-ի երկու հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Իրանի թուլացմանն ու դուրս մղմանը։ Այն նաև ցատկահարթակ է ստեղծում Կենտրոնական Ասիայում Անկարայի դիրքերն ամրապնդելու համար, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանն այժմ երկու հիմնական խաղացողներն են, այսինքն ԱՄՆ-ի հիմնական համաշխարհային մրցակիցները»,- ասել է Հայկ Խալաթյանը։

Հանուն նրանց համար պայքարի ԱՄՆ-ը հաճույքով կզոհաբերի հայկական հենակետը, բայց միայն այն օգտագործելուց հետո։ Իսկ այդ ամենի համար նրան ոչ հայկական սուբյեկտիվությունն է պետք, ոչ էլ առավել ևս պետականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular