ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական դիվերսիֆիկացիայի մթնող արշալույսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք որդեգրել ենք հավասարակշռված քաղաքականության և հավասարակշռող քաղաքականության մոտեցումը, որի ուղղություններից մեկը տնտեսական դիվերսիֆիկացիան է։ Այս մասին երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է աստիճանաբար հավասարակշռենք մեր տնտեսական հարաբերությունները։ Կառավարությունը որոշել է խթանել արտահանումը դեպի ԵՄ, և սա հավասարակշռման դրսևորում է»,- նշել է նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կառավարությունը չի կարող միայնակ իրականացնել որոշման ողջ շրջանակը։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ «մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում», ինչպի մասին խոսում են նաև թվերը: «Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ: Մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը, նաև դրա համար է, որովհետև, երբ որ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես»,-ասել է Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, և ի՞նչ է թաքնված այս ամենի թիկունքում: Փաստացի, միակ բանը, որ Փաշինյանը ճիշտ է ասում, այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միասնական շուկայի մաս, գործնականում կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և այլ շուկաների միջև, օրինակ՝ ԵՄ-ի։ Միանշանակ դրական է, որ ԵԱՏՄ երկրների ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը զգալի առաջընթաց է գրանցում, սակայն լուրջ խնդիր է դարձել Հայաստանի զգալի կախվածությունը ռուսական շուկայից։ Օրինակ՝ Հայաստանի առևտրաշրջանառության 40 տոկոսը և ավելին կատարվում է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի առևտրի ընդամենը 1,8 տոկոսն է կատարվում Հայաստանի հետ։ Ու այս իրավիճակում Երևանում որոշում են կայացնում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։

Նախ՝ անպատասխան է մնում հարցը, թե ինչ է տալու Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը, երբ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը անկում է գրանցում, իսկ այդ բլոկում տրամադրված չեն ընդունել հայկական արտադրության ապրանքները։ Ռուսաստանն ինքը հանգիստ կարող է Հայաստանին փոխարինող առևտրային գործընկեր գտնել, այսինքն՝ լրացնել այդ 1,8 տոկոսը, ինչպես եվրոպական իր առևտրային գործընկերներին փոխարինեց ասիական երկրներով, բայց Հայաստանի համար լուրջ խնդիր է Ռուսաստանին փոխարինող գտնելը։ Առավել խորքային իմաստով Հայաստանին մեծապես ձեռնտու է, որ Ռուսաստանի հետ մեր առևտրային հարաբերությունները նոր բարձունքների հասնեն, և օգտվենք ԵԱՏՄ-ի դաշտի ընձեռած հնարավորություններից, ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանը չպետք է իր տնտեսությունը դարձնի միակողմանի, ինչն էլ անում են հիմիկվա իշխանությունները։ Այո, հարկավոր է մեծ աշխատանք տանել այլ շուկաների ուղղությամբ։ Իսկ որպես այլընտրանքային շուկաներ պետք է դիտարկել, օրինակ՝ Իրանին, որի հետ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր է կնքել, ու այդ երկիրն էլ ահռելի էներգետիկ և այլ ռեսուրսների է տիրապետում։ Իսկ մի օր էլ կարող է Արևմուտքը գործարքի գնալ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում, ու Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն։

ԵՄ-ի շուկայում տեղ գտնելու ուղղությամբ կարելի է ակտիվորեն աշխատել, որ հայկական արտադրանքը մրցակցայնություն ձեռք բերի, իսկ Հայստանում եվրոպական ներդրումներ կատարվեն։ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման մեծ հնարավորություններ կան։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկաները բարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող են Հայաստանում մասնաճյուղեր բացել ու նույնիսկ որոշ արտադրություն կազմակերպել։ Չպետք է անտեսել նաև չինական շուկայի անծայրածիր հնարավորությունները։ Չինաստանից ոչ միայն կարելի է ներդրումներ ներգրավել, այլև տեխնոլոգիաներ ձեռք բերել։ Ուղղակի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ ու չինացի գործարարների հրավիրել Հայաստան:

Քայլեր չկան նաև ասիական հզորացող մյուս հսկայի՝ Հնդկաստանի ուղղությամբ, որի տնտեսությունն աճում է առաջանցիկ տեմպերով։ Հնդկաստանի հետ մեր համագործակցությունը տեղավորվում է միայն այդ երկրից գնված սպառազինություններով և Հայաստան եկող հնդիկ աշխատանքային միգրանտներով։ Չկան համատեղ նախաձեռնություններ ու տնտեսական նախագծեր։ Այս բոլոր ուղղություններով աշխատելու համար նախաձեռնողականություն և մեծ ջանքերի ներդրում է պետք, բայց իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, չեն ցանկանում դուրս գալ իրենց ստեղծած կոմֆորտի զոնայից, որքան էլ խոսում են դիվերսիֆիկացիայից։ Հենց միայն այն, որ այս հարցում Փաշինյանը գնդակը նետում է գործարարների դաշտ, ինքնին խոսուն է:

Վերջապես, դիվերսիֆիկացիայի հարցում պարտադիր չէ անդամակցել որևէ կառույցի՝ մեկ ուրիշի հաշվին: Ի վերջո, ոչ մեկ անգամ ռուսական պաշտոնական շրջանակները նշել են, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են: Իսկ թե ում է ավելի շատ ձեռնտու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում լինելը, պատասխանը արդեն նշված է նյութի վերևում: Պարզապես մեկ անգամ ևս պետք է համեմատել Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում Ռուսաստանի բաժինը, և վերջինիս արտաքին առևտրի հաշվեկշռում Հայաստանի բաժինը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular